ԱՄՀ-ն կվերանայի Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումները և ակնկալում է գնաճի կայունացում մոտ 4%-ի մակարդակում

ԱՄՀ-ն կվերանայի Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումները և ակնկալում է գնաճի կայունացում մոտ 4%-ի մակարդակում

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է հիմնադրամի տեսլականը Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների, գնաճի և ազգային արժույթի վարքագծի վերաբերյալ, ինչպես նաև խոսել է ԱՄՀ-ի կողմից աջակցվող Stand-by Arrangement ծրագրի նպատակների մասին:

«ԱՌԿԱ». ապրիլին ԱՄՀ-ն բարելավեց Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ մինչև 5,5%: Ինչպիսի՞ն են ընթացիկ սպասումները տարեվերջին հայկական տնտեսության աճի վերաբերյալ և ո՞ր գործոններն են որոշիչ զարացման հարցում:

ԱՄՀ. Հայաստանում աճի տեմպերը մնում են շատ բարձր՝ հասնելով 10,5%-ի 2023թ.-ի առաջին կեսին ծառայությունների հատվածների, շինարարության և առևտրի ընդլայնման շնորհիվ: ՌԴ-ից ֆիզիկական անձանց, ձեռնարկությունների և կապիտալի տեղաշարժը մեծամասամբ ազդել է տնտեսական ակտիվության զգալի աճի վրա 2022-2023թթ.-ին: Այդուհանդերձ, տարեվերջին աճի տեմպերի դանդաղումը, աճի վրա միգրացիայի և կապիտալի ներհոսքի ազդեցության թուլացմանը զուգընթաց, հավանաբար, կհանգեցնի աճի տեմպերի նվազմանը: Աճի վերաբերյալ մեր կողմից վերանայված կանխատեսումները ներկայացված են Stand-By Arrangement (SBA) ծրագրի շրջանակում երկրորդ տեսության քննարկումների ավարտից և սեպտեմբերին IV հոդվածի խորհրդակցություններից հետո:

«ԱՌԿԱ». մի շարք փորձագետներ երկնիշ տնտեսական աճը բացատրում են հիմնականում մեծ թվով միջոցների ներհոսքով, մասնավոապես, ՌԴ-ի ոչ ռեզիդենտների: Մյուս կողմից, շատերն այդքան էլ ուրախ չեն, որ շուկայում հայտնվել են այդքան ոչ ռեզիդենտներ: Ինչպե՞ս կգնահատեիք այդ գործոնի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Կարելի՞ է դիտարկել զարգացման սցենարներ այս գործոնի հիման վրա՝ հաշվի առնելով վերջինիս բավականին մեծ անորոշոււթյունը:

ԱՄՀ. Ուկրաինայի իրադարձությունները հանգեցրեցին մի շարք անդրսահմանային իրադարձությունների: Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը, ընդ որում զբոսաշրջիկները մնում են այստեղ ավելի երկար և ավելի շատ են ծախսում, հանգեցրեց ծառայությունների առևտրի աննախադեպ պրոֆիցիտի, որը 2022թ.-ին կազմել է ՀՆԱ-ի գրեթե 9%-ը: Ապրանքների արտահանումը, հիմնականում վերաարտահանման հաշվին, ավելացել է 75%-ով: Ավելացել է նաև ուղիղ օտարերկրյա ներդրումների և այլ միջոցների ներհոսքը: Այս իրադարձությունները կարևոր դեր են խաղացել Հայաստանի տնտեսական աճի արագացման գործում:

Սակայն մեծ անորոշություն կա այդ փոփոխությունների միջնաժամկետ հետևանքների վերաբերյալ։ Եթե ​​Հայաստանում մշտական ​​բնակության համար մնան աշխատանքային տարիքի և բարձր կրթական մակարդակ ունեցող օտարերկրյա այցելուները, ապա աշխատանքի արտադրողականությունը և արտադրության ծավալը կարող են ավելի մեծ լինել։ Օտարերկրյա ուղիղ ներդրումների և նոր գրանցված ընկերությունների թվի աճը ևս մեկ նշան է, որ արտադրանքի պոտենցիալ ծավալը կարող է կանխատեսվածից ավելի մեծանալ։ Այնուամենայնիվ, Հայաստանի արտահանման մեջ Ռուսաստանի աճող մասնաբաժինը մեծացնում է ռիսկերը տնտեսության համար ՌԴ-ում աճի դանդաղման դեպքում:

Այս բոլոր զարգացումները ընդգծում են բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը, որոնք ուղղված են բիզնեսի և աշխատաշուկայի պայմանների բարելավմանը, կապիտալի շուկաների խորացմանը, Հայաստանի արտահանման զամբյուղի և առևտրային գործընկերների դիվերսիֆիկացմանը։ Հնարավոր բացասական ցնցումներին դիմակայելու համար անհրաժեշտ է նաև ավելացնել ֆիսկալ և արժութային պահուստները։

«ԱՌԿԱ». Ձեր կարծիքով, Հայաստանի տնտեսության ո՞ր ուղղություններն են առավել հեռանկարային ներդրումների համար:

ԱՄՀ. Հայաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում քաղաքական գործիչների հետ իմ հանդիպումների ժամանակ ընդգծվել է արտահանմանն ուղղված և գիտելիքահեն աճին աջակցելու անհրաժեշտությունը: Սա կառավարության 2021-2026 թվականների ծրագրի նպատակներից է։ Խոսքը ոչ այնքան կոնկրետ ոլորտներում ներդրումներ կատարելու, որքան ռազմավարական մոտեցում մշակելու մասին է, որը կօգնի Հայաստանի տնտեսությանը վերակողմնորոշվել դեպի արտաքին պահանջարկ:

Կարևորագույն նշանակություն ունի դիվերսիֆիկացման, տնտեսական բարդության և ՀՀ-ում արտադրվող ապրանքների և ծառայությունների զարգացվածության մակարդակի բարձրացումը: Այս ամենի համար կպահանջվի ավարտել կառուցվածքային բարեփոխումների լայն շրջանակ, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքների որակի բարձրացումը, այդ թվում՝ տրանսպորտային ցանցերը և հեռահաղորդակցությունը, ոչ սակագնային խոչընդոտների նվազեցումը, այդ թվում՝ փաստաթղթային և սահմանային ծախսերը, ներդրումներն առողջապահության ոլորտում, կրթական և գիտական ​​հետազոտությունների համակարգի ամրապնդումը:

«ԱՌԿԱ». Հունիսին ԱՄՀ-ն ակնկալում էր, որ Հայաստանում գնաճը տարվա ընթացքում կկայունանա ՝ Կենտրոնական բանկի թիրախային 4%-ի սահմաններում: Վերջին երկու ամիսներին երկրում գնանկման նշաններ են նկատվում՝ հունիսին գները նվազել են 0,5%-ով, իսկ հուլիսին տարեկան կտրվածքով 0,1%-ով։ Արժույթի միջազգային հիմնադրամը կփոխի՞ գնաճի իր կանխատեսումը Հայաստանի մասով: Եթե՝ ​​այո, ապա ի՞նչ ցուցանիշ է սպասվում մինչև տարեվերջ և ինչպիսի՞ նախադրյալների դեպքում:

ԱՄՀ. Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկին 2021-2022 թվականներին բարձր գնաճի դեմ պայքարում ամենաակտիվ կենտրոնական բանկերից մեկը լինելու համար։ Այս ժամանակահատվածում վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 10,75% բարձրացնելը օգնեց զսպել գնաճը և գնաճային սպասումները:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում գնաճի տեմպերն անսպասելիորեն արագ նվազել են, ինչը բացատրվում է դրամի փոխարժեքի աճով, ինչպես նաև սննդամթերքի և տրանսպորտային ծառայությունների գների նվազմամբ: Գնաճի վերջին իրադարձություններն ընդգծում են, որ հեռանկարների անորոշությունը շատ բարձր է մնում: Մի կողմից սպասվում է, որ պարենի և հումքային ապրանքների գները և արագ նվազող գնաճը առևտրային գործընկեր երկրներում կունենան նվազեցնող ազդեցություն գնաճի վրա: Մյուս կողմից, աշխատավարձերի աճի և վարկային ընդլայնման բարձր տեմպերը, զուգորդված բարձր ներքին պահանջարկվող, կարող են գնաճային ճնշումները պահել բարձր մակարդակի վրա: Ինչպես տնտեսական այլ կանխատեսումների դեպքում, մեր աշխատակիցները ներկայումս աշխատում են վերանայման վրա, որը կավարտվի սեպտեմբերյան առաքելությունից հետո: Մենք ակնկալում ենք, որ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը կնպաստի առաջիկա ժամանակահատվածում գնաճի կայունացմանը մոտ 4%-ի սահմաններում։

«ԱՌԿԱ». ԵԱԶԲ-ի վերլուծաբանների կարծիքով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից հայկական դրամը կայուն ամրապնդում է դրսևորել առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ. այս տարվա հուլիսի վերջին, 2022 թվականի սկզբի համեմատ, հայկական դրամը տարեկան կտրվածքով ամրապնդվել է դոլարի նկատմամբ 19,8%-ով, եվրոյի նկատմամբ՝ 21,7%-ով և 32,4%-ով՝ ռուսական ռուբլու նկատմամբ։ Միաժամանակ, ՀՀ Կենտրոնական բանկը դրամի արժեզրկման նախադրյալներ չի տեսնում, այլ դիտարկում է փոխարժեքի թե՛ ամրապնդման, թե՛ թուլացման հնարավոր սցենարներ։ Հայկական դրամի վարքի ի՞նչ սցենարներ կան մինչև տարեվերջ:

ԱՄՀ. Դուք ճիշտ նկատեցիք, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից դրամի փոխարժեքը զգալիորեն աճել է Հայաստանի առանցքային առևտրային գործընկերների արժույթների նկատմամբ, ինչը մեծապես պայմանավորված է կապիտալի ուժեղ ներհոսքով։ Ինչպես ՀՀ Կենտրոնական բանկը, այնպես էլ մենք ռիսկեր ենք տեսնում երկու կողմից։ Մի կողմից, կապիտալի ներհոսքի հնարավոր շրջադարձը կարող է նվազման ճնշում գործադրել դրամի վրա: Մյուս կողմից, եթե կապիտալի ներհոսքը շարունակվի, ապա չի բացառվում դրամի հետագա ամրապնդումը։ Ամեն դեպքում, կարևոր է ճիշտ քաղաքականություն իրականացնել, որպեսզի տնտեսությունը և ֆինանսական համակարգը կայուն լինեն և փոխարժեքի ժամանակավոր տատանումները էապես չազդեն դրանց վրա:

«ԱՌԿԱ». Fitch վարկանիշային գործակալության փորձագետներն ակնկալում են Հայաստանի պետական ​​պարտքի կայունացում 2023-2025 թվականներին մոտ 44,6 տոկոսի սահմաններում, ինչը 53,7 տոկոսով ցածր է 2019 թվականի նախահամաճարակային մակարդակից։ Համաձա՞յն է ԱՄՀ-ն նման գնահատականի հետ, և ո՞ր գործոններն են լինելու առավել որոշիչ։

ԱՄՀ. Պետական ​​պարտքը շատ կտրուկ նվազել է 2022 թվականին և 2023 թվականի առաջին կիսամյակում։ 2023 թվականի առաջին կիսամյակում կառավարության ​​պարտքը կազմել է ՀՆԱ-ի 42,7%-ը։ Մենք ակնկալում ենք, որ միջնաժամկետ հեռանկարում պարտքը կմնա ՀՆԱ-ի 50%-ից ցածր, սակայն այս արդյունքը կախված կլինի աստիճանական ֆիսկալ կոնսոլիդացիայի իրականացումից, որին կաջակցեն ծախսերի առաջնահերթությունը և եկամուտների մոբիլիզացման միջոցառումները: Բացի այդ, Հայաստանի պարտքը պատմականորեն խոցելի է եղել աճի և փոխարժեքի ցնցումների նկատմամբ։ Կանխատեսման ցանկացած անբարենպաստ փոփոխություն կարող է զգալի բարձր ճնշում գործադրել պարտքի վրա: Հետևաբար, ֆիսկալ քաղաքականությունը պետք է զգուշավոր լինի՝ կենտրոնական կառավարության պարտքը չափավոր մակարդակում պահելու համար:

«ԱՌԿԱ». ի՞նչ խորհուրդներ կարող եք տալ Հայաստանի կառավարությանը՝ երկրի տնտեսությանն աջակցելու և բարեփոխումներ իրականացնելու հարցում։ Համագործակցության ի՞նչ հեռանկարներ կան Stand-by ծրագրի շրջանակում:

ԱՄՀ. 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատեց 36-ամսյա կանխարգելիչ ծրագիրը (SBA), որն աջակցում է մակրոտնտեսական, ֆինանսական և ֆիսկալ կայունության պահպանմանը և ներքին տնտեսական ծրագրերի առաջ մղմանն ուղղված իշխանությունների ջանքերին: Ծրագրի առաջին տեսությունը հաջողությամբ ավարտվել է հունիսին, իսկ երկրորդ տեսության շուրջ քննարկումները տեղի կունենան աշնանը։

ԱՄՀ-ի կողմից աջակցվող ծրագրի կոնկրետ նպատակների մասին.

Մակրոտնտեսական, ֆինանսական և ֆիսկալ կայունության պահպանումը պահանջում է. ա) ֆիսկալ քաղաքականության իրականացում, որը համապատասխանում է տնտեսական ցիկլի փուլին և աջակցում է Հայաստանի պահանջմունքներին զարգացման հարցով ծախսերում, որը հիմնված է ֆիսկալ կանոնների վրա և ապահովում է պետական պարտքի չափավոր մակարդակ, բ) դրամավարկային քաղաքականության իրականացում, որն ուղղված է միջնաժամկետ հեռանկարում 4% մակարդակում գնաճի աջակցմանը, գ) փոխարժեքի ճկունություն և առողջ պահուստների աջակցում, դ) նորմատիվային-հսկիչ բազայի հետագա ամրապնդում՝ ֆինանսական հատվածի ռիսկերը զսպելու համար:

Ավելի բարձր, արտահանմանն ուղղված և ներառական աճի կարելի է հասնել կառուցվածքային բարեփոխումների փաթեթի օգնությամբ, որոնք ուղղված են առևտրի զարգացմանը, դիվերսիֆիկացմանը և օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավմանը՝ ենթակառուցվածքների և կապի զարգացում; պետական ​​կառավարման ամրապնդում; բիզնեսի պայմանների բարելավում; զբաղվածության և սոցիալական պաշտպանության խթանում; թվայնացման զարգացում; կլիմայական ռիսկերի նկատմամբ կայունության բարձրացում: Այս ոլորտներում բարեփոխումները լրացնում են ջանքերին, որոնց աջակցում են զարգացման գծով մյուս գործընկերները:

Հայաստանի իշխանությունները շարունակում են SBA-ին վերաբերվել որպես նախազգուշական ծրագրի, ինչը տեղին է՝ հաշվի առնելով ֆինանսավորման հասանելիությունը և միջազգային պահուստների բավարար ծավալը: Անբարենպաստ ցնցումների դեպքում SBA-ն կոչված է ապահովել դրական շուկայական ազդանշան, խթանել աջակցություն այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից և ծառայել որպես ապահովագրում արտաքին ֆինանսավորման պոտենցիալ պահանջմունքներից:

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ կենտրոնական բանկի գործողությունները դրամավարկային քաղաքականության արդյունավետության համատեքստում, մասնավորապես՝ կապիտալի շուկայի զարգացմանն ու իրացվելիության կառավարմանն աջակցելու ջանքերը։

ԱՄՀ. Գնաճային թիրախավորման համակարգը լավ է աշխատում, ինչին նպաստել են ՀՀ Կենտրոնական բանկի ակտիվ գործողությունները և ջանքերը, որոնք ուղղված են հաղորդակցության բարելավմանն ու կապիտալի շուկայի զարգացմանը: Վերջերս իշխանությունները ստեղծեցին արտաբորսային կոմերցիոն առևտրային հարթակ մեկօրյա ՌԵՊՈ շուկայի և արժութային շուկայի գործարքների համար:

Մենք հրապարակել ենք Արժույթի միջազգային հիմնադրամի գերատեսչական փաստաթուղթը՝ «Դրամավարկային քաղաքականության հիմունքները Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում», որում առանձնացրել ենք հիմնական գործոնները, որոնք ազդում են Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում դրամավարկային քաղաքականության արդյունավետության վրա:

Նախ, ֆինանսական շուկաները մնում են համեմատաբար մակերեսային, ինչը թուլացնում է տոկոսադրույքները, բանկային վարկավորումը, ակտիվների գները, դրամային փոխանցման հաշվեկշիռն ու ալիքների ակնկալիքները:

Երկրորդ, դոլարացման մակարդակը դեռևս բարձր է, չնայած դրա աստիճանական անկմանը վերջին տասնամյակի ընթացքում։

Երրորդ, պետական ​ինստիտուտների նկատմամբ ցածր վստահության և բնակչության ցածր ֆինանսական կրթվածության պայմաններում նվազում է Կենտրոնական բանկի նկատմամբ վստահությունը, և նրա հետ շփումը դժվարանում է։ Այսպիսով, առկա է լրացուցիչ հնարավորություն ամրապնդելու օպերացիոն համակարգը ֆինանսական շուկաների զարգացման և իրացվելիության կանխատեսման բարելավման միջոցով: