Մեծ Բրիտանիան պարտավորվել է 2 մլրդ դոլար հատկացնել Կանաչ կլիմայի հիմնադրամին
Մեծ Բրիտանիան պարտավորվել է 2 մլրդ դոլար հատկացնել Կանաչ կլիմայի հիմնադրամին (GCF)՝ օգնելու զարգացող երկրներին հաղթահարել կլիմայի փոփոխությունը, կիրակի Նյու Դելիում G20-ի ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Ռիշի Սունակը:
Այս խոստումը կլինի Մեծ Բրիտանիայի մինչ օրս ստանձնած ամենամեծ ֆինանսական պարտավորությունը՝ աշխարհին կլիմայի փոփոխությունը հաղթահարելու գործում օգնելու նպատակով, ասվում է կառավարության հայտարարության մեջ:
«Այսօրվա պարտավորությունը 2020-2023 թվականներին GCF-ում Մեծ Բրիտանիայի նախորդ ներդրման համեմատ 12,7%-ով աճ է», - ասվում է Սունակի գրասենյակի հայտարարության մեջ:
Կանաչ կլիմայի հիմնադրամը (GCF) ստեղծվել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շուրջ բանակցությունների շրջանակում, որպեսզի անհրաժեշտ գումարներ հատկացնի աղքատ երկրներին իրենց նպատակներին հասնելու՝ ածխածնի արտանետումները նվազեցնելու, ավելի մաքուր էներգիայի աղբյուրներ ստեղծելու և գլոբալ տաքացման պայմաններին հարմարվելու համար:
Մեծ Բրիտանիան պարտավորվել է 2021-2026 թվականներին 11,6 միլիարդ ֆունտ (14,46 միլիարդ դոլար) ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային ֆինանսավորման վրա:
Սեպտեմբերի 9-ին G20-ը համապարփակ հռչակագիր է ընդունել, որը, ի թիվս այլ հարցերի, նաև վերահաստատում է իր հանձնառությունը կայուն ֆինանսավորումն ավելացնելու համար՝ օգնելով զարգացող երկրներին կրճատել իրենց ածխածնի արտանետումները: Փաստաթղթում ասվում է, որ զարգացող երկրներին մինչև 2030 թվականը 5,8-5,9 տրիլիոն դոլար է անհրաժեշտ, մասնավորապես, արտանետումների նպատակային ցուցանիշներին հասնելիս իրենց կարիքները բավարարելու համար:
Աղբյուրը՝ news.am