ԱՄՀ տարածաշրջանային տնօրենը նշել է ռիսկի գործոնները Հայաստանի տնտեսության համար
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում նշել է ռիսկերը Հայաստանի տնտեսության համար:
Նա նշել է, որ Ուկրաինայի իրադարձությունները հանգեցրեցին մի շարք անդրսահմանային իրադարձությունների:
«Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը, ընդ որում զբոսաշրջիկները մնում են այստեղ ավելի երկար և ավելի շատ են ծախսում, հանգեցրեց ծառայությունների առևտրի աննախադեպ պրոֆիցիտի, որը 2022թ.-ին կազմել է ՀՆԱ-ի գրեթե 9%-ը: Ապրանքների արտահանումը, հիմնականում վերաարտահանման հաշվին, ավելացել է 75%-ով: Ավելացել է նաև ուղիղ օտարերկրյա ներդրումների և այլ միջոցների ներհոսքը: Այս իրադարձությունները կարևոր դեր են խաղացել Հայաստանի տնտեսական աճի արագացման գործում», - ասել է նա:
Սակայն, Ազուրի խոսքով, մեծ անորոշություն կա այդ փոփոխությունների միջնաժամկետ հետևանքների հարցում։
«Եթե Հայաստանում մշտական բնակության համար մնան աշխատանքային տարիքի և բարձր կրթական մակարդակ ունեցող օտարերկրյա այցելուները, ապա աշխատանքի արտադրողականությունը և արտադրության ծավալը կարող են ավելի մեծ լինել», - ասել է նա:
ԱՄՀ տարածաշրջանային տնօրենը նաև նշել է, որ օտարերկրյա ուղիղ ներդրումների և նոր գրանցված ընկերությունների թվի աճը ևս մեկ նշան է, որ արտադրանքի պոտենցիալ ծավալը կարող է կանխատեսվածից ավելի մեծանալ։
«Այնուամենայնիվ, Հայաստանի արտահանման մեջ Ռուսաստանի աճող մասնաբաժինը մեծացնում է ռիսկերը տնտեսության համար ՌԴ-ում աճի դանդաղման դեպքում», - ավելացրել է նա:
Ազուրն ընդգծել է, որ այս բոլոր զարգացումները ընդգծում են բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը, որոնք ուղղված են բիզնեսի և աշխատաշուկայի պայմանների բարելավմանը, կապիտալի շուկաների խորացմանը, Հայաստանի արտահանման զամբյուղի և առևտրային գործընկերների դիվերսիֆիկացմանը։
«Հնարավոր բացասական ցնցումներին դիմակայելու համար անհրաժեշտ է նաև ավելացնել ֆիսկալ և արժութային պահուստները», - ասել է նա:
Աղբյուրը՝ arka.am