Հայաստանի և Չինաստանի գիտությունների ակադեմիաները համագործակցության հուշագիր ստորագրեցին

Հայաստանի և Չինաստանի գիտությունների ակադեմիաները համագործակցության հուշագիր ստորագրեցին

Հայաստանը և Չինաստանը խորացնում են համագործակցությունը գիտության ոլորտում․ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի գիտությունների ակադեմիան Երևանում համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Հուշագրի համաձայն՝ Հայաստանի և Չինաստանի գիտությունների ակադեմիաները կզարգացնեն համագործակցությունը համատեղ հետազոտական նախագծերի իրականացման, գիտաշխատողների փոխանակման, գիտական հանդիպումներին մասնակցելու և համատեղ գիտաժողովներ ու սեմինարներ անցկացնելու, տեղեկատվության և գիտական հրապարակումների փոխանակման միջոցով։

Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի  նախագահ Աշոտ Սաղյանը և Չինաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Չժան Յապինը։

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը նշեց, որ Հայաստանի ու Չինաստանի գիտական ինստիտուտների միջև համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ կա։ «Մեր հետաքրքրությունների շրջանակում կարող է լինել ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան,  հումանիտար ուղղությունները։ Կարծում եմ, որ պետք է ակտիվացնել մեր գիտական ինստիտուտների միջև գիտնականների շփումները և կոնկրետացնել համագործակցության ուղիները։ Դա հնարավոր է, առավել ևս, որ բավական փորձ ունենք։ Ես մոտ 20 տարի առաջ համագործակցել եմ չինացի գործընկերների հետ՝ կյանքի կոչելով մի քանի նախագծեր»,- ասաց Սաղյանը։   

Աղբյուրը՝   armenpress.am