ԿԲ նախագահ. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության սպասարկումն ազգային արժույթներով հնարավոր է

ԿԲ նախագահ. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության սպասարկումն ազգային արժույթներով հնարավոր է

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության սպասարկումն այս երկրների ազգային արժույթներով հնարավոր է, ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Մոսկվան առաջարկում է արագացնել համատեղ ներդրումային նախագծերի վրա աշխատանքը և ընդլայնել փոխադարձ առևտրում ազգային արժույթների օգտագործման պրակտիկան։

«Որոշում կայացնելիս մենք կկարողանա՞նք սպասարկել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության իրականացումն ազգային արժույթներով, կարծում եմ՝ կկարողանանք։ Դա տեղի կունենա, թե ոչ, արդեն կառավարության որոշման հարցն է։ Տեխնիկան և ենթակառուցվածքը թույլ կտան դա իրագործել»,- ասաց Գալստյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա յոթ ամսվա ընթացքում Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 3,6 մլրդ դոլար՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 71,3 տոկոսով։ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումը հաշվետու ժամանակահատվածում գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ ավելանալով 2,6 անգամ, իսկ ներմուծումը հասել է մոտ 1,7 մլրդ դոլարի (աճը՝ 19,6%)։

Աղբյուրը՝   arka.am