Անհրաժեշտ է սոցիալական պատասխանատվության գաղափարից անցնել կորպորատիվ սոցիալական ներդրումների. «ռեԱրմենիա»-ի տնօրեն

Անհրաժեշտ է սոցիալական պատասխանատվության գաղափարից անցնել կորպորատիվ սոցիալական ներդրումների. «ռեԱրմենիա»-ի տնօրեն

«ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը «ԱՌԿԱ» գործակալության YouTube-յան ալիքով հեռարձակվող «ARKA Business» հաղորդաշարի շրջանակում հայտարարել է, որ անհրաժեշտ է, որպեսզի հայկական ընկերություններն անցնեն կորպորատիվ սոցիալական ներդրումների:

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը շատ կարևոր ուղղություն է յուրաքանչյուր բիզնեսի համար, հատկապես, երբ բիզնեսը հասկանում է, որ գոյություն ունի սոցիումի մեջ և այդ սոցիումի վիճակը, անգամ շահադիտական տեսանկյունից, շատ կարևոր է իր համար», - ասաց նա:
Պողոսյանը պարզաբանեց, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ենթադրում է, որ սոցիումից ստացված միջոցները կազմակերպությունները ներդնում են այդ սոցիումի զարգացման և խնդիրների լուծման գործում:

Նրա խոսքով, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն Հայաստանում կա՝ որպես ուղղություն, որոշ կազմակերպություններ դրան լուրջ են վերաբերվում, սակայն ներկա մակարդակը բավարար չէ. անհրաժեշտ է սոցիալական պատասխանատվության գաղափարից անցնել կորպորատիվ սոցիալական ներդրումների:

«Մենք «ռեԱրմենիա»-ում ուզում ենք, որպեսզի կազմակերպությունները համարեն դա ոչ թե պատասխանատվություն կամ պարտականություն, այլ ներդրումներ: Որպեսզի կազմակերպությունները հասկանան, որ ներդնում են սոցիումի մեջ, որում գործում են, պետք է գնալ այդ ներդրումների արդյունավետության հետևից: «ռեԱրմենիա»-ն պատրաստ է օգնել ընկերություններին անցնել սոցիալական պատասխանատվությունից սոցիալական ներդրումների», - ասաց նա:

Աղբյուրը՝   arka.am