Վահե Դավթյան. «Մերձավորարևելյան միջանցքն» ավելի է հետ մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկման հեռանկարը

Վահե Դավթյան. «Մերձավորարևելյան միջանցքն» ավելի է հետ մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկման հեռանկարը

G20-ի նիստում հայտարարված «Մերձավորարեւելյան միջանցքի» նախագիծը, հաշվի առնելով դրա լոգիստիկան, լուրջ վտանգ է թուրքական աշխարհառազմավարության համար։ Նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, անդրազգային միջազգային ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ ԱրմԻնֆո-ի խնդրանքով մեկնաբանելով նոր նախագծի հեռանկարները:

Նրա խոսքով՝ նախատեսվում է միջանցքի շրջանակներում մուլտիմոդալ կապ ապահովել Հնդկաստան - ԱՄԷ -իսրայելական Հայֆա նավահանգիստ - հունական Պիրեյ նավահանգիստ երթուղով։ Դրանով իսկ կառուցվում է տրանսպորտային հաղորդակցությունը, որը շրջանցում է Թուրքիան։

Հաշվի առնելով հանգամանքը, որ ավանդաբար Թուրքիան իրեն դիրքավորում է որպես Արևմուտքն Ասիայի հետ կապող տարածաշրջանային առանցքային տրանսպորտային և էներգետիկ հանգույց, նման նախաձեռնությունը նրա համար բավականին վտանգավոր է։ Այստեղից էլ՝ Անկարայի բավական նյարդային արձագանքը G20-ի շրջանակներում ստորագրված կոմյունիկեին։ Ըստ էության, սա ՏՐԱՍԵԿԱ (Եվրոպա-Կովկաս-Ասիա) հայտնի տրանսպորտային միջանցքի նոր «խմբագրություն» է, որը նախատեսում է ելք դեպի Կենտրոնական Ասիա եւ, այնուհետև, Չինաստան՝ շրջանցելով Ռուսաստանը, հիմնականում, Թուրքիայով։

Ի դեպ, հաշվի առնելով այս ամենը, կարծում է փորձագետը, որոշակի խնդիրներ են առաջանում նաեւ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի համար, որն առանց այդ էլ խիստ առասպելականացված է։ Հայտնի է, որ Անկարայի և Բաքվի առաջարկած միջանցքը Հայաստանի հարավով ապրիորի Արևելք-Արևմուտք տրանսպորտային ռազմավարության մի մասն է, որի շրջանակներում էլ իրականացվում է ՏՐԱՍԵԿԱ-ն: Ստացվում է, որ, առաջարկելով Մերձավոր Արևելքի միջոցով Եվրոպայի և Ասիայի միջև նոր հաղորդակցություն, Արևմուտքը ՝ ի դեմս Վաշինգտոնի, նվազեցնում է թուրքական տրանսպորտային ռազմավարության դիվերսիֆիկացման հնարավորությունները։

Ընդ որում, կարեւոր է հասկանալ, որ «Մերձավորարեւելյան միջանցքը» որոշակի ռիսկեր է պարունակում նաեւ Ռուսաստանի եւ Իրանի համար, որոնք հանդիսանում են «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի գլխավոր շահառուները, որով նախատեսվում է կապ ապահովել Բալթյան տարածաշրջան-Ռուսաստան-Սեւ ծով-Հարավային Կովկաս-Իրան-Պարսից ծոց-Հնդկաստան երթուղով: Հունաստանի մասնակցությամբ նոր միջանցքի առկայությունը թույլ կտա դրան ինտեգրել եվրոպական տրանսպորտային ցանցերը ։ Ըստ այդմ, ռուս-իրանական «Հյուսիս-Հարավ» ռազմավարության եվրոպական բաղադրիչը, փաստորեն, ի չիք է դառնում, իսկ բուն միջանցքն օգտագործվելու է միայն Կասպից ծովով Պարսից ծոցի հետ Ռուսաստանի կապն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է Հայաստանի շահերին, ապա, մի կողմից, «Մերձավորարեւելյան միջանցքն» ավելի է հետ մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկման հեռանկարը, սակայն, մյուս կողմից, փաստացի, նվազեցնում է «Հյուսիս - Հարավ» միջանցքի նշանակությունը, որտեղ Հայաստանն ավանդաբար դիտարկվում է որպես պոտենցիալ շահառու,- կարծում է Վահե Դավթյանը:

Աղբյուրը՝   finport.am