Մարտին Գալստյանը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ

Մարտին Գալստյանը հանդիպել է  ԱՄՀ ներկայացուցիչների հետ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: 
Ինչպես հայտնում են ԿԲ-ից, Մ․ Գալստյանը  ներկայացրել է  2023 թվականի Հայաստանի ֆինանսական հատվածի ընթացիկ արդյունքները, խոսել տնտեսության զարգացման առկա միտումների, մարտահրավերների և հեռանկարների, իրականացվող քաղաքականության առաջնայնությունների, Կենտրոնական բանկի բարեփոխումների մասին։ 
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան գոհունակություն է հայտնել Դրամի 30-ամյակի շրջանակում բարձր մակարդակով կազմակերպված գիտաժողովի կապակցությամբ: ԱՄՀ-ի գործընկերների հետ քննարկվել են  դրամավարկային նոր շրջանակի ներդրումը, ԱՄՀ առաքելության խնդիրներն ու նպատակները, գների և ֆինանսական կայունությանը, մակրոպրուդենցիալ քաղաքականությանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական բարեփոխումների աջակցման ծրագրի երկրորդ փուլին առնչվող հարցեր: