Գորիս օդանավակայանի գործարկման նպատակով աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք. Սանոսյան

Գորիս օդանավակայանի գործարկման նպատակով աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք. Սանոսյան

Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ որոշ աշխատանքներ արդեն իրականացվել են։ Այս մասին սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նա հայտնեց, որ աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք, տեղում ծանոթացել են առկա իրավիճակին եւ նախանշել անելիքները. «Անելիքները կարող ենք երկու մասի բաժանել՝ բուն թռիչքուղին եւ կից ենթակառուցվածքները՝ շենք-շինությունները, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին։ Եվ աշխատանքները բաժանել ենք երկու փուլի՝ առաջին հերթին նախ թռիչքուղին կարգի բերել, համապատասխանել որոշակի ստանդարտների։ Կարծում եմ՝ տեղյակ եք, որ Կապանի օդանավակայանը հարակից կամ հարեւան ռեզերվային օդանավակայան չունի։ Եվ լինում են դեպքեր, երբ Կապանի չվերթները կամ չեղարկվում են, կամ դեպք ենք ունեցել, երբ օդանավը Սյունիքից վերադառնում է Երեւան, քանի որ այլ տեղ չունի, եթե անբարենպաստ եղանակային պայմաններ են։ Այսինքն՝ Գորիսի օդանավակայանը կարող է նախ այդ նպատակին ծառայել եւ Կապանում վատ եղանակային պայմանների դեպքում որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել։ Բայց վարչապետի հանձնարարականն ավելի լայն է՝ փորձել ոչ միայն ռեզերվային օդանավակայան ունենալ, այլ բերել տեսքի ասֆալտի ծածկույթն ու շենք-շինությունները եւ որպես օդանավակայան շահագործել։ Այդ ուղղությամբ հիմա որոշակի տեխնիկական փաստաթղթերի, ֆինանսական գնահատականի մշակման փուլում ենք։ Մոտ օրերս դարձյալ աշխատանքային խումբ է գործուղվելու»:

Հարցին՝ ի՞նչ խնդիրներ են առաջացել Երեւան-Կապան թռիչքների ժամանակ, Գնել Սանոսյանն ասաց, որ արձանագրվել են որոշակի մասնագիտական խնդիրներ, որոնք լուծելուց հետո արդեն կանոնավոր չվերթներ են իրականացվում. «Երկուշաբթի եւ ուրբաթ օրերն են թռիչքները, երկուշաբթի գնում-վերադառնում է եւ ուրբաթ օրն է գնում-վերադառնում։ Հիմա ժամերն ենք փոխել, բայց օրերը նույնն են։ Մենք արդեն 4 անգամ եղանակային պայմաններով պայմանավորված խնդիրներ ենք ունեցել։ Ընթացքում դեռ նոր սարքավորումների, հատկապես նավիգացիոն սարքավորումների տեղադրման կարիք ունենք, որոնք գնման գործընթացում են, ինչն ավելի կհեշտացնի սպասարկումը։ Բայց այս պահին հիմնականում պատրաստ է, նորմալ է, միակ խնդիրը, որն առաջանում է, դա եղանակային պայմաններն են։ Բայց նման խնդիր եղել է նաեւ ԽՍՀՄ տարիներին։ Հիմա նորմալ գրաֆիկով երկուշաբթի նորից սպասում ենք չվերթի»: