Apple-ը դադարեցրել է iPhone 13 mini-ի արտադրությունը. ի՞նչ պետք է գնեն կոմպակտ հեռախոսներ նախընտրողները

Apple-ը դադարեցրել է iPhone 13 mini-ի արտադրությունը. ի՞նչ պետք է գնեն կոմպակտ հեռախոսներ նախընտրողները

Apple-ը դադարեցրել է iPhone 13 mini-ի արտադրությունը, որն iPhone mini շարքի վերջին մոդելն է։ Այս որոշումը կանխատեսելի էր, քանի որ փորձագետները նախկինում նշել էին դրա դադարեցման հավանականությունը։ Այժմ Apple-ի ամենափոքր սմարթֆոնը երրորդ սերնդի iPhone SE-ն է, թեև Apple-ի այլ մոդելների համեմատ այն կարող է ավելի քիչ հզոր թվալ, իսկ դիզայնը՝ հնացած:

Ինչպես նշում է PCMag-ը, Apple-ն iPhone mini ընտանիքը ներկայացրել է՝ նպատակ ունենալով օգտատերերին առաջարկել iPhone-ի ավելի մեծ մոդելների կոմպակտ տարբերակները՝ միաժամանակ պահպանելով դրանց դիզայնը և ֆունկցիոնալությունը: iPhone 12 mini-ն թողարկվել է 2020-ին, որին մեկ տարի անց հաջորդել է iPhone 13 mini-ն: Երկու տարբերակներն էլ ունեն փոքր՝ 5,4 դյույմանոց էկրան և կոմպակտ չափեր, ինչը դրանց իդեալական էր դարձնում կոմպակտ սմարթֆոններ նախընտրողների համար: Համեմատելով դրանք ավելի մեծ մոդելների հետ, ինչպիսիք են iPhone 14 Pro Max-ը՝ կարելի է նկատել զգալի տարբերություն չափի և քաշի միջև:

Ընկերության արտադրանքի հետ կապված այս փոփոխությունը տեղի է ունեցել iPhone 15-ի շնորհանդեսից հետո, որը դարձավ ընկերության նոր ֆլագմանը։ Սովորաբար Apple-ը վաճառքում է պահում նախորդ մոդելները՝ որպես ավելի մատչելի տարբերակներ, սակայն այս անգամ ընկերությունը որոշել է դադարեցնել iPhone 13 mini-ի արտադրությունը: Նոր iPhone-ի շարքը ներառում է iPhone 15 Pro Max, iPhone 15 Pro, iPhone 15 Plus և iPhone 15, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է տարբեր բնութագրեր և գներ: Հիմնական շարքը ներառում է iPhone 14-ը և 14 Plus-ը, ինչպես նաև iPhone 13-ը: Apple-ի շարքի ամենամատչելի սմարթֆոնը մնում է iPhone SE-ն՝ 429 դոլար արժողությամբ: Սակայն, ինչպես նշվեց, այն արդեն բավականին հնացած է թվում:

Հիմնական խնդիրներից մեկը, որին բախվում էին iPhone mini-ի օգտատերերը, մարտկոցի աշխատանքի տևողությունն էր․ PCMag թեստերի համաձայն՝ մեկ լիցքավորմամբ այն աշխատում էր ընդամենը 12 ժամ: Բացի դրանից, շատ օգտատերերի համար iPhone mini-ի էկրանը չափազանց փոքր էր թվում, ինչն այն անհարմար էր դարձնում տեքստ մուտքագրելու համար: Չնայած դրան՝ այս շարքը սպասվածից քիչ է ճանաչված, և ընկերությունը 2022-ին չներկայացրեց iPhone 14 mini մոդելը, իսկ հիմա արդեն վերջնականապես դադարեցրեց iPhone 13 mini-ի թողարկումը։

Նշենք, որ 2025-ին կթողարկվի բյուջետային iPhone 4SE սմարթֆոնը, որը կստանա մի շարք նոր գործառույթներ, այդ թվում՝ գործողության կոճակը, որն ունի նաև iPhone 15 Pro-ն, ինչպես նաև սեփական 5G մոդեմ։ Էկրանի չափերը դեռ հայտնի չեն, սակայն հնարավոր է, որ այն ավելի փոքր լինի, քան ստանդարտ 6,1 դյույմը և, այդպիսով, գրավի կոմպակտ հեռախոսներ նախընտրող մարդկանց ուշադրությունը։ Սակայն այս մարդիկ, կարծես, ստիպված կլինեն մինչև 2025-ը բավարարվել հին՝ երրորդ սերնդի iPhone SE-ով կամ փնտրել այլ արտադրողների կոմպակտ սմարթֆոններ։

Աղբյուրը՝   tech.news.am