Լայն իմաստով, վիճակագրական տվյալները հանրային բարիք են

Լայն իմաստով, վիճակագրական տվյալները հանրային բարիք են

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ), Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE)  հիմնադրամի եւ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նոյեմբերի վերջին կազմակերպած առցանց աշխատաժողովն ամփոփեց Հայաստանում գյուղատնտեսական ինտեգրացված հետազոտությունների նախագծի (ԱԳՐԻՍ) վերջնական արդյունքները: Նախագծի շրջանակում տեխնիկական-մասնագիտական աջակցություն է ցուցաբերվել ՀՀ վիճակագրական կոմիտեին՝ գյուղատնտեսական տվյալների հավաքման եւ տարածման նոր մեթոդաբանության յուրացման նպատակով: Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրույցը ՊԳԿ Հռոմի կենտրոնական գրասենյակի վիճակագիր, նախագծի համադրող Նելի Գեորգիեւա-Միհայլովայի հետ:

- Ո՞ր կազմակերպությունն է  ԱԳՐԻՍ-ի մասնակցությամբ իրականացվող «ՀՀ-ում գյուղատնտեսական ինտեգրացված հետազոտությունների նախագծի» իրական շահառուն՝ Վիճակագրական կոմիտե՞ն, էկոնոմիկայի նախարարությու՞նը, թե՞ գյուղացին, որովհետեւ աշխատաժողովի ժամանակ Ձեր խոսքում նշել եք, որ «նպատակն է նաեւ շահառուին հասցնել տվյալների հավաքման եւ տարածման քաղաքականությունը, բարելավել արդյունավետությունը» եւ այլն։

- Նախագծի շրջանակում ՀՀ Վիճակագրական կոմիտեին օժանդակություն է ցուցաբերել ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության վիճակագրության բաժինը: Այո, վիճկոմը, որպես այս նախագծի շահառու, օգտվել է վերապատրաստումներից եւ ստացել աջակցություն հետազոտություն իրականացնելու համար՝ օգտագործելով իր համար նոր մեթոդաբանություն, որը տարբերվում է գյուղատնտեսական վիճակագրական հետազոտությունների ավանդական մեթոդներից: Վիճկոմի համար վերապատրաստումներ են կազմակերպվել նաեւ վիճակագրական տվյալների տարածման բարելավման ուղղությամբ:

Ավելի լայն իմաստով, վիճակագրական տվյալները հանրային բարիք են, իսկ շահառուները օգտատերերն են, ներառյալ Էկոնոմիկայի նախարարությունը, ֆերմերները, հետազոտական կենտրոնները եւ համալսարանները:

-Ագրիսի մեթոդաբանությունը մշակել է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը՝ մի քանի երկրների համար։ Մշակողները ուսումնասիրե՞լ են տվյալ դեպքում Հայաստանի բնակչության վերաբերմունքային առանձնահատկությունները նման մշտադիտարկումների, նման յուրահատուկ ոլորտի առումով, զուտ այն պատճառով, որ երկրում անվստահության շատ մեծ չափաքանակ կա, եւ ուսումնասիրության սուբյեկտը կարող է ինչ-ինչ հանգամանքներից ելնելով իրավիճակը ոչ ամբողջական ու խեղաթյուրված ներկայացնել։

-Այո, ԱԳՐԻՍ-ի մեթոդաբանությունը մշակվել է որպես ընդհանրական վիճակագրական մեթոդաբանություն: Ընդ որում, մենք աշխատում ենք բազմաթիվ երկրների հետ՝ ԱԳՐԻՍ-ի մեթոդների հիման վրա իրենց գյուղատնտեսական վիճակագրության բարելավման ուղղությամբ: Առաջին գործը, որ անում ենք բոլոր երկրներում՝ ԱԳՐԻՍ-ի գործիքների այսպես կոչված հարմարեցումն է: Ընդհանրական մեթոդաբանության մեջ մենք ներառում ենք տվյալ երկրի առանձնահատկությունները՝ հարգելով միջազգային հայեցակարգերն ու սահմանումները: Մեր դիտարկումների հիման վրա կարող եմ ասել, որ հայ ֆերմերների վերաբերմունքը առանձնապես չի տարբերվում այլ երկրներում մեր տեսածից: Այո, մենք հասկանում ենք, որ վստահության որոշակի պակաս կարող է լինել, բայց այնպիսի գործիքներ են մշակվել, որոնք թույլ են տալիս գործնականում կիրառել որակի վերահսկողության մեթոդները: Այստեղ կուզենայի նշել, որ Վիճակագրական կոմիտեի մարզային գրասենյակների տնօրենները մեծապես օգնել են տվյալների հավաքման գործընթացում՝ լավագույնս բացատրելով տրվող հարցերի նպատակը: Այնուհետեւ մշակված տվյալները վերլուծության են ենթարկվել՝ համախմբվածությունն ու ներքին տրամաբանությունն ապահովելու համար, ընդ որում դրանք քննարկվել են Վիճկոմի հետ: Այնպես որ, չէի ասի, թե հարցվողները առկա տվյալները աղավաղելու ցանկություն են ունեցել:

-Նախագիծն իրականացվել է Հայաստանի 4 մարզերում, որոնք տեղակայված են երկրի կենտրոնական ու հյուսիսային հատվածներում։ Մինչդեռ մի շարք առումներով երկրի հարավը էապես տարբերվում է թե կենտրոնից եւ թե հյուսիսային բնակավայրերից։ Ի՞նչ սկզբունքով է մարզերի ընտրությունը կատարվել։

- Փորձնական չորս մարզերը առաջարկել է Վիճակագրության կոմիտեն: Ընտրված մարզերը միմյանցից տարբերվում են գյուղատնտեսական արտադրության առումով: Այո, իհարկե, մյուս 6 մարզերը նույնպես տարբերվում են եւ դրանք, ի դեպ, այս հետազոտության մեջ կներառվեն Վիճկոմի հետ մեր գործակցության հաջորդ փուլում:

- Ինչքանո՞վ է ԱԳՐԻՍ ծրագիրը նպաստելու ծառացող մի շարք դժվարությունների հաղթահարմանը, մասնավորապես՝ հիմնական կառուցվածքային տվյալների հստակեցմանն ու հրապարակմանը, գյուղացու արտադրանքի ծավալների հաշվարկմանը, պրոֆեսիոնալ համակարգի ներդրմանը, որը մի կողմից վիճակագիրներին կտա իրական պատկերը, մյուս կողմից գյուղացուն հնարավորություն կտա հասկանալու ոլորտում տիրող իրավիճակն ու իր համար եզրահանգումներ անելու։

- ԱԳՐԻՍ նշանակում է գյուղատնտեսական ինտեգրված հետազոտություն: ԱԳՐԻՍ-ի մեթոդաբանությունը բաղկացած է մեկ համակարգի մեջ ինտեգրված մի քանի մոդուլներից, որոնցից յուրաքանչյուրի միջոցով տվյալներ են հավաքվում երկրի գյուղատնտեսական արտադրության տարբեր ասպեկտների վերաբերյալ: Կառուցվածքային տվյալները հավաքվում են մի քանի մոդուլների շրջանակում (Հայաստանում փորձարկել ենք միայն 2 մոդուլ): Հայաստանում իրականացված փորձնական հետազոտությունը ներառում էր արտադրության ծավալը (ֆիզիկական քանակն՝ ըստ ապրանքատեսակի եւ տնտեսական առումով՝ ըստ արտադրանքի արժեքի): Ընդ որում` հիմնական տվյալները ներկայացվել են ԱԳՐԻՍ-ի ամփոփիչ աշխատաժողովում: Ես իսկապես համոզված եմ, որ չորս մարզերում փորձարկված համակարգը պրոֆեսիոնալ համակարգ է, որը տալիս է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի իրական պատկերը: Դուք բացարձակապես ճիշտ եք, որ այս համակարգը շահեկան կլինի նաեւ գյուղացու համար՝ նրան տալով ավելի շատ տեղեկություններ՝ արտադրության մեջ իր զբաղեցրած տեղի մասին: Աշխատաժողովի ժամանակ մենք ներկայացրեցինք որոշ հիմնական տվյալներ՝ ըստ գյուղացիական տնտեսությունների տեսակի: Այս կարգի վերլուծությունը շատ օգտակար եւ հզոր գործիք է թե ոլորտի քաղաքականություն մշակողների եւ թե ֆերմերների համար: Տիպաբանական վերլուծություններն օգտագործվում են գյուղատնտեսական զարգացած վիճակագրություն ունեցող, ներառյալ Եվրամիության երկրները:

- Կատարված ուսումնասիրությունների արդյունքները համեմատվել են 2014 թ անցկացված Գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքների հետ։ Թեկուզեւ այն ցուցանիշները, որոնք փոփոխման ենթակա չեն։ Թեկուզեւ սխալի, շեղման տոկոսը ճշտելու համար։ 2014 թ ուսումնասիրություններով պարզվել է, օրինակ, որ Հայաստանում 14,5 հազար հա-ի վրա խաղող է մշակվում։ Բոլորովին վերջերս գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերով կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ խաղողի այգիների իրական տարածքը  կազմում է 12,5 հազար հա։ Մինչ այդ պաշտոնապես ցույց էր տրվում 17,5 հազար հա։ Նույնը՝ բոլոր մյուս մշակաբույսերի պարագայում։ Ուզում եմ հասկանալ՝ որքանով է այս նախագիծը հնարավորություն տալիս նաեւ շտկելու վիճակագրական սխալմունքները։ Որքանո՞վ հնարավոր է սրանում ներառել նոր տեխնոլոգիաները, որոնք հնարավորինս կփոքրացնեն սխալմունքի հավանականությունը։

-Նոր տեխնոլոգիաներն օգտակար են, երբ դրանք լավագույնս ինտեգրվում են պաշտոնական վիճակագրական համակարգի մեջ: Այս մեթոդներով կարելի է պարզել հողատարածությունների եւ հողօգտագործման մասին տվյալները, բայց մեթոդաբանությունը պետք է զգուշորեն մշակել: Ձեր նշած դեպքերում տեխնոլոգիան արդեն օգտագործվում է բազմաթիվ երկրներում, ընդ որում կան թեր եւ դեմ փաստարկներ, որոնց մանրակրկիտ ուսումնասիրման կարիք կա: Այս մեթոդն ընդհանրապես աշխատում է հարաբերականորեն ընդարձակ տարածքներում. Հայաստանի պարագայում մենք դիտարկել ենք բազմաթիվ փոքր հողակտորներ՝ տնամերձ այգի-բանջարանոցներով, որտեղ այս տեխնիկան օգտագործելը դժվար (եւ, հավանաբար, ոչ այնքան շահութաբեր) կլինի:

 -Կա՞ որեւիցե հաշվարկ, թե այս ծրագիրը վերջնականապես կյանքի կոչելու դեպքում տնտեսությունն ի՞՞նչ չափով կշահի կամ ի՞նչ ընդգծված դրական դրսեւորումներ կունենա։

-Գյուղատնտեսության զարգացումն, առհասարակ, կախված է վիճակագրական լավ տվյալներից՝ աջակցության միջոցառումներ, զարգացման ծրագրեր, ներդրումներ եւ այլն թիրախավորելու համար: ՊԳԿ-ի ցուցաբերած տեխնիկական օժանդակության նպատակը հետեւյալն է՝ ՀՀ վիճկոմին օգնել ստեղծել գյուղատնտեսության ոլորտի ավելի լավ վիճակագրական տվյալներ եւ դրանք տարածել բոլոր օգտատերերի շրջանում՝ համաձայն առկա լավագույն գործելակերպերի: ԱԳՐԻՍ-ի հետազոտության մեթոդաբանությունը, ինչպես արդեն նշել եմ, բաղկացած է մոդուլներից եւ նպատակ ունի ապահովել տվյալների կանոնավոր հոսք: Այս մոդուլներից մեկն իրականացվում է ամեն տարի՝ հավաքելով գյուղատնտեսական արտադրության (եւ դրա օգտագործման) վերաբերյալ տվյալներ եւ գյուղացիական տնտեսությունների հիմնական կառուցվածքային տվյալներ: Մյուս մոդուլներն ունեն տարբեր պարբերականություն՝ կախված երկրի կարիքներից: Հետազոտության առաջին իսկ շրջափուլից հետո տվյալները կարելի է օգտագործել քաղաքականություն մշակելու կան մշտադիտարկման նպատակներով:

- Հայտնի է, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն մեծ միջոցներ չունի կադրային եւ տեխնոլոգիական առումներով: Ինչպե՞ս է ԱԳՐԻՍ-ը նպաստել կոմիտեի, մասնավորապես Գյուղատնտեսական վիճակագրության բաժնի եւ մարզային գրասենյակների աշխատակազմերի կարողությունների զարգացմանը:

-Առհասարակ վիճակագրական միջոցները բավարար չեն շատ երկրներում: ԱԳՐԻՍ նախագծի շրջանակում, նոր հետազոտությունն իրականացնելու համար մենք կարողացանք Վիճկոմին ապահովել պլանշետներով, ինչպես նաեւ վերապատրաստեցինք մեր ավելի քան 130 մարզային գործընկերներին՝ նոր գործիքներին եւ CAPI («Ավտոմատացված անձնական հարցազրույց») ծրագրակազմին տիրապետելու համար: Մենք (ի նկատի ունեմ ՊԳԿ-ն եւ ICARE հիմնադրամը) CAPI-ի կիրառման գծով վերապատրաստման ընդգրկուն ծրագիր կազմակերպեցինք փորձնական նախագծում ներգրավված ամբողջ աշխատակազմի համար: Սկզբում դժվար էր, մարդիկ փոքր-ինչ դժկամությամբ էին մասնակցում, գանգատվելով, որ ծրագրակազմը չափազանց բարդ է: Բայց մի քանի օրվա վերապատրաստումից եւ ինքնավարժանքից հետո, բոլորն ուրախ էին, որ տվյալներ հավաքելու համար պլանշետ են օգտագործում: Բացի այդ, կարողությունների զարգացման այլ աշխատանքներ ու վերապատրաստումներ են կազմակերպվել նաեւ Վիճկոմի կենտրոնական գրասենյակում, մասնավորապես՝ վիճակագրական ծրագրակազմերի օգնությամբ տվյալների փաստաթղթավորման, մաքրման, վերլուծության եւ աղյուսակավորման նաեւ այլ թեմաներով: Կասեի, որ վերապատրաստման ծրագիրը հարուստ էր, եւ այն, անշուշտ, շարունակվելու է:

- ՊԳԿ-ն նախատեսու՞մ է հետագա նախագիծ իրականացնել՝ Հայաստանում ինտեգրացված վիճակագրական հետազոտության համակարգի ներդրման «շրջանը փակելու» համար: Եթե այո, ICARE հիմնադրամը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը արդյոք լինելու՞ են ՊԳԿ-ի գործընկերների ցանկում:

-ԱԳՐԻՍ նախագիծը Հայաստանում դրել է նոր գյուղատնտեսական վիճակագրության սկիզբը: Այժմ կա վիճակագրության կարողությունների զարգացման նոր նախաձեռնություն, որը կոչվում է «50 x 2030 նախաձեռնություն», որով ընդլայնվում է ԱԳՐԻՍ-ը: Հայաստանը ներառված է որպես շահառու երկիր (որտեղ ԱԳՐԻՍ-ի իրականացումը մեկնարկել է): Նախաձեռնությունն ունի իրականացնող երեք գործընկերներ՝ ՊԳԿ-ն իրականացնելու է տվյալների ստեղծման բաղադրիչը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD)՝ տվյալների օգտագործման բաղադրիչը եւ Համաշխարհային բանկը՝ մեթոդների եւ գործիքների բաղադրիչը (https://www.50x2030.org/about): Նախագծում երկրների հետագա ինտեգրման գործընթացը կազմակերպում է Ծրագրի կառավարման թիմը, որը պլանավորում է տվյալ երկրում ծրագրի իրականացման ժամանակացույցը եւ մեզ հետ միասին նախապատրաստում աշխատանքային ծրագրերը: Տվյալների ստեղծման բաղադրիչի առումով մենք աշխատում ենք երկրների պաշտոնական վիճակագրական հաստատությունների հետ, սակայն խորհրդատվական մակարդակում՝ բոլոր շահակիցների եւ իրականացնող այլ գործընկերների հետ: Ընդհանրապես, նախաձեռնության ընթացքում պատրաստ ենք աշխատել բոլոր շահակիցների հետ: