Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկֆուրտում մասնակցել է Ներդրումային կառավարման ցուցահանդեսին

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկֆուրտում մասնակցել է Ներդրումային կառավարման ցուցահանդեսին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում մասնակցել է Ներդրումային կառավարման ցուցահանդեսի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։  
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Նա իր ելույթում համառոտ ներկայացրել է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշները, որոնք  2022 թ․ կազմել են 12.6%, իսկ 2023 թվականին առաջին կեսին՝ 10.5%։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ Նարեկ Տերյանն ընդգծել է Հայաստանի կարևորությունը տնտեսական և ներդրումային կամուրջների կառուցման տեսանկյունից։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի տնտեսական աճի հիմքում ընկած են արդյունաբերական ճյուղերի և ներդրումային միջավայրի բարելավումը։
Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտների զարգացումը, ինչպես նաև Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավումը։ Նարեկ Տերյանն անդրադարձել է նաև  հայկական այն ընկերություններին, որոնք արդեն իսկ ձեռք են բերել համաշխարհային ճանաչում։
ԳԴՀ Ֆրանկֆուրտ քաղաքում Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված «Anticiparing trends - an accelerator for FDI in Armenia» սեսիայի ընթացքում նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները։ 
 
Նշելով, որ աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ուղեկցվում է ոչ միայն մարտահրավերներով, ռիսկերով ու խնդիրներով, այլ նաև նոր հնարավորություններով՝ նախարարն ընդգծել է, որ ճիշտ գործողությունների արդյունքում կարելի է հասնել հաջողության, և Հայաստանի օրինակը հենց համագործակցության կամուրջներ կառուցելն է բիզնեսի ու երկրների միջև։ 
 
Սեսիայի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև  ռոբոտաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին։
Ներդրումների աջակցման կենտրոնն իր կողմից ներկայացրել է ՀՀ ներդրումային միջավայրը նկարագրող «Invest In Armenia» շնորհանդեսը։
 
Նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվող Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարում հանդիպել է Փոքր ու միջին բիզնեսի գերմանական ասոցիացիայի գործարար ոլորտի մենեջեր Ռեյնոլդ Ունգերն-Շտերնբերգի հետ։ Այն գերմանական  խոշորագույն ասոցիացիա է, որի կազմում ընդգրկված է երկրի աշխատակիցների 60%-ը։  
 
Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական աճի բարձր ցուցանիշները և նշել, որ աճը հիմնականում պայմանավորված է ոլորտում իրականացվող բարեփոխումներով։
 
Տեղեկացնելով, որ վերջին տարվա ընթացքում բազմաթիվ ընկերություններ են տեղափոխվել ու հիմնադրվել ՀՀ-ում՝ Վահան Քերոբյանն առաջարկել է ասոցիացիայի կազմում ընդգրկված ընկերություններին ևս դիտարկել Հայաստանում գործունեություն իրականացնելու և ներկայացուցչություններ բացելու հնարավորությունը։ 
 
Ձեռք է բերվել պայմանավորվածություն տնտեսության ոլորտում առկա ներուժի, պետական օժանդակության գործիքների մասին տեղակատվությունը փոխանցել գերմանական ընկերություններին՝ հնարավոր համագործակցության հեռանկարով։