Արարատի մարզում շարունակվում են Կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները
Արարատի մարզի տարբեր բնակավայրերում շարունակվում են Կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները։Այս մասին հաղորդում են Արարատի մարզպետի աշխատակազմից։
Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023-2024 թ․թ․ սուբվենցիոն ծրագրով Արարատ համայնքի Երասխ (սահմանամերձ) և Արարատ բնակավայրերում կառուցվում են մարզադպրոցներ։
Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 527 միլիոն ՀՀ դրամ, որից 15%-ը համայնքի մասնաբաժինն է, 65%-ը հատկացնում է Կառավարությունը, 20%-ը՝ այլ ներդրողները։
Կենսակական կարևոր խնդիր է լուծվում Վեդի համայնքի Այգավան բնակավայրում։ Այստեղ 19,230 գծամետր երկարությամբ խմելու ջրագիծ է կառուցվում։
Արդյունքում գյուղի 1200 տնտեսություն կապահովվի խմելու ջրով։ Վարչական այս շրջանում խմելու ջրի խնդիրը վաղուց է։ Բնակիչները ստիպված են ամեն օր գյուղում առկա մեկ ծորակից տարաներով ջուրը հասցնել իրենց տներ։ Աշխատանքները սկսվել են հուլիսին, կավարտվեն՝ տարեվերջին։
Խմելու ջրագծեր են կառուցվում նաև համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինևետ բնակավայրերում։ Վերոնշյալ բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցման ծրագրի արժեքը կազմում է 675 միլիոն 848 հազար 830 ՀՀ դրամ՝ պետություն-համայնք՝ 60%-40% հարաբերակցությամբ։
Այս տարվա սուբվենցիոն ծրագրերով մարզի տարբեր համայնքներում իրականացվում են նաև փողոցների բարեկարգում, ասֆալտապատում։
Այս պահին ընթացքի մեջ է Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրի փողոցների հիմնանորոգումը։
Եղեգնավանում այս տարվա ծրագրով կհիմնանորոգվի 612 գծամետր ավտոճանապարհահատված և 264 քմ հետիոտնային ուղի։
Մարզպետարանից նշում են, որ այս տարի Կառավարության աջակցությամբ Եղեգնավանում նախատեսվում է նաև ոռոգման կիսախողովակների կառուցում և գազաֆիկացում։