Որոշողը բանկն է. ինչո՞ւ են վարկերի տոկոսներն ակտիվորեն բարձրացնում, դժկամությամբ իջեցնում

Որոշողը բանկն է. ինչո՞ւ են վարկերի տոկոսներն ակտիվորեն բարձրացնում, դժկամությամբ իջեցնում

ԿԲ–ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը կարևոր ազդակ է բանկերին այն մասին, որ փողի ինքնարժեքը նվազել է, և բանկերը հնարավորություն ունեն նվազեցնել իրենց առաջարկած վարկերի գինը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը` պատասխանելով հարցին, թե որքանով կնպաստի ԿԲ որոշումը վարկերի տոկոսադրույքների նվազմանը։

«Բանկերը, բնականաբար, շահագրգռված են էժանացնել իրենց վարկերը, քանի որ ՀՀ–ում այսօր 18 բանկ է գործում, և ամեն բանկ ցանկանում է շուկայական իր մասնաբաժինն ավելացնել։ Հետևաբար, մի կողմից իրենք ձգտելու են տոկոսադրույքով ավելի բարձր ավանդներ ներգրավել, մյուս կողմից` ավելի ցածր տոկոսներով վարկեր տրամադրել», – ասաց Քթոյանը։

Տոկոսադրույքների փոփոխությունը, իհարկե, այդ պարագայում կվերաբերվի միայն այն վարկերին, որոնց պայմանագրով նախատեսված է տոկոսադրույքի փոփոխություն` այսպես կոչված` «լողացող» տոկոսադրույքով վարկերին, և նոր կնքվող վարկային պայմանագրերին։ Գործող այն վարկերը, որոնց դեպքում տոկոսադրույքի վերանայում նախատեսված չէ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունից ո՛չ թանկանում են, ո՛չ էժանանում։

Հաշվի առնելով ՀՀ անշարժ գույքի շուկայի գերտաքացած լինելու և հիփոթեքային վարկերի նկատմամբ անհամեմատ մեծ պահանջարկը` Արմեն Քթոյանից նաև հետաքրքրվեցինք` արդյո՞ք նման պահանջարկի դեպքում բանկերը շահագրգռված կլինեն նվազեցնելու հիփոթեքային վարկերի տոկոսները։

«Դա ռազմավարության խնդիր է. բանկը կարղ է որոշել, որ որևէ կերպ չի փոխում տոկոսադրույքները, բայց մտովի ունի այն սպառնալիքը, որ մյուս բանկը, որը միգուցե ավելի փոքր վարկային պորտֆել ունի և ուզում է մեծացնել իր մասնաբաժինը, ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր կառաջարկի և իր հաճախորդային բազան ավելի արագ կընդլայնի։ Եթե բանկը երաշխիք ունենա, որ մնացած բոլոր բանկերը տոկոսադրույքի փոփոխություն չեն անի, այդ դեպքում գուցե տոկոսը չփոխելն արդարացված կլինի», – նշեց Քթոյանը։   

Արմեն Քթոյանը, սակայն, հիշեցնում է, որ նման երաշխիքը կամ այլ կերպ ասած` տոկոսները չիջեցնելու ստվերային համաձայնությունը բանկերի միջև, կլինի տնտեսական մրցակցության օրենսդրության խախտում և կարող է հանգեցնել իրավական հետևանքների։

Այդուհանդերձ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության դեպքում վարկային տոկոսադրույքի փոփոխությոն պարտադիր պահանջ ՀՀ օրենսդրությամբ գոյություն չունի, տոկոսների բարձրացումն ու իջեցումը թողնված է ազատ մրցակցության ու ֆինանսական կառույցների հայեցողության վրա։ Արդյունքում վարկառուները դժգոհում են, որ տոկոսն ավելացնելու դեպքում բանկերը շատ արագ են արձագանքում, մինչդեռ հակառակ պարագայում ոչ միայն ուշ են արձագանքում, այլև երբեմն նույնիսկ չեն էլ արձագանքում։

Այս դիտարկման հետ համաձայն է նաև մասնագետը, բայց այն դիտողությամբ, որ ցանկացած դեպքում բանկն ինքն է իրավասու սահմանելու իր վարկի արժեքը։ Վարկառուին այս դեպքում մնում է վարկ վերցնելուց առաջ ճիշտ բանկ և վարկավորման առավել հարմար պայմաններ ընտրել։

«Մի ինչ–որ բանկ կարող է համարել, որ ինքը ռիսկերը բարձր է գնահատում ու ապագայում կարող է վերադառնալ ավելի բարձր տոկոսադրույքի, և ինքն իր տոկոսները չի փոխում` անտեսելով պորտֆելի հնարավոր կրճատման ռիսկը։ Մեկ այլ բանկ կարող է համարել, որ սա լավ հնարավորություն է շուկայում ավելի մեծ մասնաբաժին գրավելու, նոր հաճախորդներ ձեռք բերելու, և կփորձի էապես նվազեցնել տոկոսադրույքը։ Սա բանկի անհատական ռազմավարության խնդիր է», – ասաց Արմեն Քթոյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 12-ին ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75%։ Սա վերջին 3 ամիսներին ԿԲ–ի ընդունած նման երրորդ որոշում է. հուլիսին վերաֆինանսավորման տոկոսադրուքը նվազեցվել էր 0.25%-ով, օգոստոսին` ևս 0,25–ով։

Մինչդեռ վերջին 3 տարիներին ԿԲ–ն միայն բարձրացրել կամ անփոփոխ էր թողել այն` այդ կերպ զսպելով երկնիշ աճ արձանագրող գնաճը։

Արդյունքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2020թ–ի սեպտեմբերի դրությամբ սահմանված 4.5%-ից 2023թ–ի հունիսին հասել էր 10.75%-ի` համարժեք չափով ավելացնելով նաև քաղաքացիներին ու բիզնեսին տրվող վարկերի տոկոսադրույքները։

Աղբյուրը՝   armeniasputnik.am