iPhone 15-ները կարող են փչանալ, եթե լիցքավորվեն կեղծված լիցքավորիչով և լարով

iPhone 15-ները կարող են փչանալ, եթե լիցքավորվեն կեղծված լիցքավորիչով և լարով

Չհավաստագրված USB-C լարերով և լիցքավորիչներով Apple-ի նոր՝ iPhone 15 շարքի սմարթֆոնները լիցքավորելը կարող է ընդմիշտ վնասել դրանք, այս մասին հայտնում է Business Insider-ը վկայակոչելով iPad Rehab սպասարկման կենտրոնի սեփականատեր Ջեսս Ջոնսի խոսքերը։

Ջոնսը նշել է, որ ոչ Apple-ի արտադրության լիցքավորիչները և հոսանքի լարերը չունեն սմարթֆոնի պաշտպանության համապատասխան հնարավորությունները, որոնք ապահովում է Apple-ը։ Ուստի դրանց օգտագործումը կարող է վնասել սմարթֆոնը, օրինակ՝ հոսանքի լարման տատանումների ժամանակ։

 

«Բարձրորակ լիցքավորիչները, ըստ էության, էլեկտրոնային փոքր սարքեր են, որոնց ներսում տեղադրված են փոքրիկ պլատաներ և չիպեր: Օրինակ՝ Apple-ի պաշտոնական Lightning լարն ունի երկու չիպ՝ մեկը հավաստում է, որ այն պատրաստված է վաճառողի սահմանած բնութագրերին համապատասխան, իսկ մյուսը գործում է որպես ապահովիչ: Դրա շնորհիվ լարման անկման դեպքում կփչանա միայն լիցքավորիչը, այլ ոչ թե սմարթֆոնը»,- բացատրել է նա։

Ջոնսը նաև զգուշացրել է, որ չհավաստագրված աքսեսուարներ օգտագործողները պետք է առավել զգույշ լինեն էներգիայի աղբյուրներից հանրային վայրերում օգտվելու ժամանակ: Դրանք ներառում են հյուրանոցային սենյակների, ինքնաթիռի նստատեղերի վարդակները, մեքենայի կոնսոլները և այլն:

Հիշեցնենք, որ Apple-ի աշնանային շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, որի ժամանակ ներկայացվել են iPhone 15 սմարթֆոնների նոր շարքը, Apple Watch Series 9 և Apple Watch Ultra 2 սմարթ ժամացույցները, նոր AirPods Pro 2 ականջակալը, ինչպես նաև թարմացված OS 17 օպերացիոն համակարգ և երկու նոր մակարդակ iCloud+-ի համար։ Նոր սարքերի հնարավորությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Նույն շնորհանդեսի ժամանակ հայտնի դարձավ, որ Apple-ը հրաժարվել է իր սեփական Lightning միակցիչից և iPhone 15 սմարթֆոնները լիցքավորվելու են USB-C միակցիչով: Ավելին, նման միակցիչ ստացել են նաև այլ սարքեր, որոնց մասին կարող եք կարդալ այստեղ։

Աղբյուրը՝   tech.news.am