Աստիճանաբար առավել շատ գյուղացիներ են վստահում համակարգին. մշակաբույսերի ապահովագրության ծրագրի արդյունքները

Աստիճանաբար առավել շատ գյուղացիներ են վստահում համակարգին. մշակաբույսերի ապահովագրության ծրագրի արդյունքները

Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսերի ապահովագրության ծրագիրը դրական արդյունքներ է գրանցում։ Տարեցտարի ավելանում է թե՛ գյուղատնտեսների կողմից կնքված պայմանագրերի թիվը, թե՛ հողատարածքների մակերեսը։

Գյուղատնտեսական մշակաբույսերի ապահովագրությունը սկսել է իրականացվել 2020 թվականին։ Այդ ժամանակ սահմանված էր երկու մշակաբույսի ապահովագրություն, երկու ռիսկի համար՝ 6 մարզում։ Այսօր պատկերը հետևյալն է՝ 13 մշակաբույս, 4 ռիսկ, ընդգրկում է  Հայաստանի բոլոր մարզերը։ 2020 թվականին կնքվել էր 1541 պայմանագիր, ապահովագրվել էր 2500 հա, 2021 թվականին՝ 4278 պայմանագիր, 5832 հա, 2022 թվականին՝ 5091 պայմանագիր,  6444 հա, իսկ 2023 թվականին՝ 10 հազար 192 պայմանագիր, ավելի քան 11 հազար հա։ Շուրջ 2 անգամ ավելացել է ապահովագրված մակերեսի թիվը, 80 տոկոսով աճել է պայմանագրերի թիվը։  

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանը նշեց, որ սա նոր մշակույթ է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, ծրագիրը բարդ է, սակայն արդեն տալիս է արդյունքներ։

«Այս վիճակագրությունը խոսում է այն մասին, որ գյուղացիներն օգտվել են ծրագրից, գոհ են մնացել ու հաջորդ տարի կրկին դիմել են ապահովագրության համար, իրենց մտերիմներին են խորհուրդ տվել։ Ասեմ, որ ապահավոգրական ծրագրի ամենամեծ գովազդը պատշաճ կերպով վնասի փոխհատուցումն է։ Երբ ցանկացած գյուղացի դիմում է ապահովագրության համար, վնասի դեպքում ստանում է փոխհատուցումը,  ապա հաջորդ տարի նա կրկին գնում է այդ քայլին։ Ծրագրի արդյունքները խոսում են այն մասին, որ տարեցտարի առավել շատ գյուղացիներ են վստահում համակարգին»,-ասաց Իռա Փանոսյանը, հավելելով, որ կան գյուղացիներ, տնտեսվարողներ, որոնք ցանկանում են ավելին վճարել, մեկ մշակաբույսը մի քանի ռիսկից ապահովագրել։

Ծրագրի պատասխանատուները յուրաքանչյուր տարվա ավարտին, ելնելով արդյունքներից, կատարում են բարելավումներ։ Այսինքն՝ խնդիր է դրված, որ ամեն տարի ծրագիրը բարելավված հասնի տնտեսավարողներին։

Իռա Փանոսյանի խոսքով՝ այս ծրագիրը միտված է ֆերմերների, տնտեսվարողների եկամուտների կայունացմանը։ Նախկինում կարկուտի կամ այլ աղետների դեպքում գյուղացիները փոքր չափի փոխհատուցում էին ստանում, ու դա ոչ մի ձևով չէր լուծում գյուղացու խնդիրը ու շահեկան չէր դառնում գյուղատնտեսությամբ զբաղվելը։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս, որ տուժելու դեպքում գյուղացին կարողանա իր ֆինանսական վիճակը կայունացնել՝ հաջորդ տարի գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար։