«Գիտության ոլորտում ֆինանսական բաշխվածությունը շատ անբնական է, նպատակները ճիշտ չեն դրված»․ ինչո՞ւ է թերկատարվում ոլորտի բյուջեն

2023 թվականին Հայաստանի պետական բյուջեից գիտությանը հատկացված միջոցները կազմում են ավելի քան 36 մլրդ դրամ, որը մոտ 6 մլրդ դրամով գերազանցում է 2022-ի ցուցանիշը։ 2022 թվականին ոլորտին հատկացվել էր մոտ 30 մլրդ դրամ, որը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 0.3 տոկոսին։
«Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը ejc.am-ի հետ զրույցում ասում է, որ 2022 թվականին ոլորտի հատկացումներից ծախսվել է մոտ 25 մլրդ դրամը, այսինքն՝ ծրագիրը թերակատարվել է։ Այդ գումարից մոտ 22 մլրդ դրամը ծախսվել է ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ մոտ 3 մլրդ դրամը՝ Ռազմարդյունաբերության կոմիտեի։ «Այսինքն՝ երկու կառույցներն էլ թերակատարել են իրենց բյուջեն»,- ասում է Շահվերդյանը։
Ոլորտի ծախսերի արդյունավետությանն անդրադառնալով՝ Տիգրան Շահվերդյանն ասում է․ «Արդյունավետությանը երկու տեսանկյունից պետք է նայենք։ Առաջինը՝ պետք է հասկանանք, թե ինչո՞ւ ենք որպես պետություն հարկատուների գումարները ներդնում այս ծրագրերի մեջ։ Ցանկացած պետություն դա անում է նրա համար, որպեսզի իր մրցունակությունը, որպես պետություն բարձրացնի, բարելավի իր քաղաքացիների կյանքը, բարձրացնի անվտանգության մակարդակը։ Այսինքն՝ կոնկրետ խնդիրներ կան, որոնք հաճախ կարճաժամկետ չեն, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով են դիտարկվում պետությունների կողմից, բայց ունեն կոնկրետ նպատակներ ու սպասելիքներ։ Հայաստանում դա չենք տեսնում, դրա մասերն ենք միայն տեսնում»։ Ըստ նրա՝ պետական պաշտոնյաների կողմից տեսանելի չէ որեւէ ձեւակերպում, որ այս ամենն իսկապես կատարվում է երկրի խնդիրները լուծելու, մրցունակությունը բարձրացնելու համար։
«Մենք նաեւ չենք տեսնում, որ դա՝ որպես համակարգ ու փոխկապակցված գործողությունների շղթա է իրականացվում։ Հիմա մեզ մոտ մեծ շեղում կա այդ բոլոր ծրագրերից դեպի ֆունդամենտալ հետազոտություններ։ Որպեսզի պատկերացնեք, ասեմ, որ պետական բյուջեի ֆինանսավորման ավելի քան 80 տոկոսն ուղղվել է Գիտության կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին, որոնք գերակշիռ մասով ֆունդամենտալ հետազոտությունների մասին են։ Իրենք ունեն կիրառական հետազոտությունների փոքր ծրագրեր, բայց դրանք փոքր տոկոս են կազմում։ Այսինքն՝ ֆունդամենտալ հետազոտությունների ու կիրառական հետազոտությունների, փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորման համամասնությունը 80/20 տոկոս է, ինչը վատ ցուցանիշ է, աշխարհի նորմալ երկրներում չկա նման ցուցանիշ։ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ տարբեր երկրներում ֆինանսավորման առնվազն կեսը հատկացվում է կիրառական հետազոտություններին ու փորձակոնստրուկտորական աշխատանքներին։ Իսկ, օրինակ, Սինգապուրի ու Իսրայելի նման երկրներում շատ ավելի բարձր է այդ ցուցանիշը։ Այսինքն՝ այս ֆինանսական բաշխվածությունը շատ անբնական է։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ նպատակները ճիշտ չեն դրված։ Բյուջեի մեծ կտորը պետք է ուղղվի երկրի խնդիրների լուծմանը, այդ խնդիրներից բխող կարողությունների զարգացմանը։ Եվ նույնիսկ ֆունդամենտալ հետազոտությունների մեջ ինչ-որ ֆոկուսներ պետք է լինեն, որոնք կապված կլինեն երկրի կարիքների հետ։ Այդ ամենը չկա, հետեւաբար, արդյունավետության մասին խոսելը շատ բարդ է»,- ասում է մեր զրուցակիցը։
2021 եւ 2022 թվականներին «Պաշտպանության բնագավառում գիտական եւ գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի բյուջեն տարվա կեսին կրճատվել է։ Մասնավորապես, 2021 թվականի վերջին կառավարությունը որոշել էր ծրագրի բյուջեն կրճատել 2 մլրդ 576 մլն դրամով, իսկ 2022-ին՝ մոտ 300 մլն դրամով։
Ընդհանուր առմամբ, 2021 թվականի պետական բյուջեից ԲՏԱ նախարարության «Պաշտպանության բնագավառում գիտական եւ գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի համար հատկացվել էր 4 մլրդ 574 մլն դրամ, 2022-ին՝ 5 մլրդ 200 մլն դրամ։
Տիգրան Շահվերդյանի խոսքով՝ 2022 թվականին 5,2 մլրդ դրամ բյուջեից մոտ 3 մլրդն է ծախսվել։ «Մենք երկու տարի անընդմեջ տեսել ենք այդ պատկերը, երբ չնչին գումար է հատկացվում այդ ծրագրին եւ դա էլ ամբողջությամբ չի ծախսվում։ Դա լուրջ խնդիր է եւ ցույց է տալիս պաշտոնյաների եւ համակարգի անկարողությունը՝ այս կարեւոր ուղղության համար նպատակներ սահմանել ու լուրջ ներդրումներ անել»,- հավելում է մասնագետը։
Ըստ նրա՝ «Գիտուժ» նախաձեռնության պահանջները հետեւյալն են։ Նախ` ամենաբարձր մակարդակով պետք է ընդունվի, որ գիտական հետազոտության եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների մեջ ներդրումները պետության խնդիրների համար են։ Դա պետության մրցունակության բարձրացման համար է անհրաժեշտ։ Սա պետք է ընդունել որպես հիմք ու ըստ դրա գործողություններ անել։ «Մասնավորապես, պետք է աշխատանքային խումբ ձեւավորվի, պատասխանատու անձ կամ մարմին նշանակվի, որը պետք է աշխատի այդ խնդիրների վերհանման եւ ձեւակերպման շուրջ։
Այսինքն՝ ինչ-որ ուղղություններով կարող են լինել ազգային ծրագրեր, օրինակ, արհեստական բանականության, որոնց միջոցով կստեղծվեն ինչ-որ ենթակառուցվածքներ, գիտնականների ներհոսք կապահովվի։ Նաեւ շատ կարեւոր է, որ կիրառական ուղղությունների համար կոնկրետ նպատակներ սահմանվեն։ Եթե այդպիսի խնդիրներ լուծելու պոտենցիալ մենք չունենք, ապա առաջին խնդիրը հենց դա ձեւավորելն է։ Մարդիկ կարծում են, որ սա մեկ նախարարության պատասխանատվության դաշտում է, բայց դա այդպես չէ, առնվազն մի քանի նախարարությունների կամ միջգերատեսչական կառույցի լուծման խնդիր է»,- ասում է Տիգրան Շահվերդյանը։
Նա նաեւ նշում է, որ իրենց դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրները ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը պետք է ուղղեն ԳՀՓԿ ծրագրերի իրականացմանը։