Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։
Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ազատությունը» կեսօրից հետո զրուցել էր Սաղյանի հետ. վերջինս փոխանցել էր վիրավորների մասին տեղեկություններ։
Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամի 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
Ժամը 22:30-ի դրությամբ Ադրբեջանի կողմից շարունակվող լիակատար ահաբեկչության հետևանքով կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են, հայտնել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ վկայակոչելով Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվությունը։