ԵԱՀԿ գործող նախագահը կրկնել է իր պատրաստակամությունն՝ ակտիվորեն ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն օժանդակելուն

ԵԱՀԿ գործող նախագահը կրկնել է իր պատրաստակամությունն՝ ակտիվորեն ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն օժանդակելուն

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարություն է տարածել ԵԱՀԿ նախագահությունը։

«Նախագահ Օսմանին իր խորը մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում երեկ տեղի ունեցած ռազմական գործողությունների և այն վտանգի առնչությամբ, որ դրանք ներկայացնում են տուժած քաղաքացիական բնակչության համար։ Անհապաղ ապաէսկալացման կոչ անելով` նա կրկին բարձրաձայնել է իր մտահոգությունները հակամարտությունից տուժած բնակչության, հատկապես՝ խոցելի խմբերի վրա ծանր հետևանքների վերաբերյալ: Նա ընդգծել է, որ մարդասիրական նկատառումները պետք է գերակայեն, և որ տեղի բնակչության մարդասիրական կարիքները պետք է բավարարվեն։ Շեշտել է, որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումը լիովին և միշտ անընդունելի է, և որ կայուն, կառուցողական երկխոսությունը՝ բարի կամքի ոգով, կայուն խաղաղության միակ ճանապարհն է», - նշված է հայտարարությունում։

Բույար Օսմանին կրկնել է իր պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն օժանդակելուն։ Նա շեշտել է, որ ԵԱՀԿ-ն ունի համապատասխան փորձ և գործիքներ՝ «նպաստելու երկխոսությանը, կառուցելու վստահություն և իրագործելու համապատասխան համաձայնությունները, որոնք աջակցում են կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանը»։

Աղբյուրը՝    armenpress.am