Որպես ԵՄ պատրաստվում ենք դատապարտե՞լ, թե՞ ինչ-որ բան անել, ինչ արեցինք ՌԴ-ի դեպքում. ԵԽ պատգամավորը՝ Ադրբեջանի մասին

Որպես ԵՄ պատրաստվում ենք դատապարտե՞լ, թե՞ ինչ-որ բան անել, ինչ արեցինք ՌԴ-ի դեպքում. ԵԽ պատգամավորը՝ Ադրբեջանի մասին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը Լեռնային  Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին ի պատասխան Եվրամիության կողմից գործուն քայլերի կարիք է տեսնում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կազմակերպված քննարկմանը Ֆուրլասն ասաց. «Եթե ես հայ լինեի և հետևեի այս քննարկմանը, ամենևին ուրախ չէի լինի: Շատ խոսքեր և շատ քիչ գործողություններ: Հարցը շատ պարզ է, մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա»:

Նա նաև հարց բարձրացրեց եվրոպացի գործիչների առաջ՝ երբ հումանիտար օգնությունը չէր կարողանում Լաչինի միջանցքով անցնել ու տեղ հասնել, իրենք՝ ԵՄ-ն, ի՞նչ արեցին:

«Իմ հարցը շատ պարզ է. հիմա, այս պահին, երբ Ադրբեջանը կոտորում է ժողովրդին, որպես ԵՄ, մենք ի՞նչ ենք պատրաստվում անել,  պատրաստվում ենք դատապարտել բառերով, պատրաստել բանաձև ու դատապարտել գործողությունները, թե՞ ինչ-որ բան ենք անելու, ինչպես արեցինք Ռուսաստանի դեպքում՝ Ուկրաինայի հետ կապված: Ամեն ինչ պարզ է, մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեր նկատմամբ», -եզրափակեց ԵԽ պատգամավորը: 

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։