Անգամ եթե ցանկանան, ինչպե՞ս դուրս գան Արցախից, այդ մեխանիզմները չկան, Ադրբեջանը միջանցք չի տալիս. Նախկին պատգամավոր
Երկու եղբայրներիս, քրոջս ընտանիքները, թոռնիկս իր երեք երեխաներով, կնոջս եղբայրը, իմ ամբողջ ազգուտակը Արցախում է՝ Ճարտար գյուղում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ծնունդով Արցախի Ճարտար գյուղից Համլետ Հարությունյանը:
«Հենց նոր լուր ստացանք, որ ազգի տղաներից մեկը, մեր հարեւանը երեք հոգով զոհվել են: Չեն կարող դուրս գալ, Ստեփանակերտի ճանապարհը փակ է, Մարտունին, Ճարտարը, մնացածը, օղակի մեջ են: Ոչ տրանսպորտ կա, որ լույս կա, ոչ գազ կա: Ասկերանը մոտիկ է, նրանց գյուղերից ոտքով էլ են գնում օդանավակայն, ռուսների բազա, իսկ մեզ մոտից ոտքով հնարավոր չի, բավականին հեռու է»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Ճարտարում ադրբեջանցիներն են արդեն, նա բացասական պատասխան տվեց. «Որ մասը գրավել են, գրավել են, բայց որքան կապ ենք հաստատել Ճարտարում ադրբեջանցիներ չկան: Բայց զոհեր շատ ունենք: Էնտեղ բոլորը մեր հարազատներն են, մի զինվոր չկա, որ մեզ հարազատ չլինի»:
Համլետ Հարությունյանի խոսքով, նախնական ասում են, որ Մարտունու շրջանից 22 զոհ կա:
Դիտարկմանը, որ հավանաբար բնակիչները դուրս կգան Արցախից, նա արձագանքեց. «Չեմ կարող ասել: Համենայնդեպս, ադրբեջանցիների նպատակը դա է: Դուրս գան, բայց ի՞նչ պայմաններով: Անգամ եթե ցանկանան դուրս գալ, ինչպե՞ս դուրս գալ, այդ մեխանիզմները չկան, բոլոր ճանապարհները փակ են: Թուրքերը հումանիտար միջանցք չեն տալիս: Սովորաբար, նման վիճակում հումանիտար միջանցք են տալիս, բայց հիմա իրենք ոչ մի նման միջանցքի մասին չեն խոսում»: