Ստեփանակերտի փողոցները լցված են տեղահանված քաղաքացիներով, որոնք քաղցած են, վախեցած և անորոշության մեջ. Արցախի ՄԻՊ

Ստեփանակերտի փողոցները լցված են տեղահանված քաղաքացիներով, որոնք քաղցած են, վախեցած և անորոշության մեջ. Արցախի ՄԻՊ

Մարդիկ հուսահատ փնտրում են իրենց հարազատներին՝ զանգահարելով ՄԻՊ-ի գրասենյակ՝ իրենց հարազատների մասին չնչին նորություն իմանալու հույսով: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ստեփանակերտի փողոցները լցված են տեղահանված քաղաքացիներով, որոնք քաղցած են, վախեցած և անորոշության մեջ», - գրված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի վրա։ Ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ 400 մարդ։ Բաքվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու գործողություններն անվանել են «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառում»։

Հիշեցնենք, որ ճակատում տիրող ծանր իրավիճակից ելնելով երեկ՝ սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուս խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Ըստ այդմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման, ԼՂ ՊԲ-ի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, ԼՂ տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերման շուրջ՝ դրանք արագ ուտիլիզացնելու նպատակով։

Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման  վերաբերյալ կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ժամանակ:

Աղբյուրը՝   news.am