ՌԴ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների համատեղ հայտարարությունը

ՌԴ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների համատեղ հայտարարությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախագահ, Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հովանու ներքո անցկացվող կայուն զարգացման նպատակներին նվիրված գագաթնաժողովի ընթացքում ներկայացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ հայտարարությունը ԵԱՏՄ շրջանակներում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործման վրա Եվրասիական տնտեսական ինտեգրման ազդեցության թեմայի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԵՏՀ մամուլի ծառայությունից։

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության անունից կցանկանայի տեղեկացնել այն մասին, թե ինչպես է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման գործընթացների զարգացումը նպաստում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից կայուն զարգացման նպատակների իրականացմանը։

Ներկայումս ԵԱՏՄ-ն զարգացած ինտեգրացիոն տարածաշրջանային միավորումներից մեկն է, որի շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի ազատությունը: ԵԱՏՄ-ի հիմնական խնդիրը նրա անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցության բարձրացումն է։ Այդ նպատակով ակտիվ աշխատանք է տարվում համագործակցության առանձին ոլորտներում ԵԱՏՄ ընդհանուր շուկաների ձեւավորման ուղղությամբ։ Այսօր ԵԱՏՄ-ն ավելի քան 184,3 միլիոն սպառող ունի։ Անդամ պետությունների համախառն ՀՆԱ-ն կազմում է ավելի քան 2 տրիլիոն ԱՄՆ դոլար։

Եվրասիական ինտեգրման հիմքում ընկած են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ դրա բոլոր մասնակիցների շահերը հաշվի առնելու, ինչպես նաեւ առանց բացառումների եւ սահմանափակումների Մաքսային միության գործունեության սկզբունքները:

ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետություն կոնկրետ քայլեր է ձեռնարկում կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։

ԵԱՏՄ-ն դարձել է տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունների շարքում առաջին միավորումը, որը վերլուծել է ինտեգրման խորության եւ կայուն զարգացման նպատակների իրականացման գործում առաջընթացի միջեւ կապը:

Մեր պետությունների քաղաքացիները զգում են ԵԱՏՄ-ում իրացված աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական առավելությունները։

ԵԱՏՄ անդամ պետություններում աշխատող մեր երկրների եւ գործընկերների բիզնեսը ծառայությունների միասնական շուկայի շահառու է: ԵԱՏՄ շրջանակներում մատուցվող ծառայությունների ընդհանուր ծավալի մոտ 50%-ը իրականացվում է միասնական կանոններով։

Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար անդամ պետությունները պայմանավորվել են ֆինանսական շուկաների կարգավորման ոլորտում ազգային օրենսդրությունների փուլային ներդաշնակեցման մասին մինչեւ 2025 թվականը:

Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում կարեւոր նշանակություն ունի միջազգային համագործակցությունը: ԵԱՏՄ-ն հանդես է գալիս ինտեգրացիոն կառույցների իրավահավասար երկխոսության օգտին եւ դրանում տեսնում է համաշխարհային տնտեսական ճարտարապետության առավել արդյունավետ գործունեության գրավականը», - նշել է Օվերչուկը։