Արտարժութային պարտքը մասնակիորեն կփոխարինվի դրամային պարտքով՝ նվազեցնելով փոխարժեքի տատանման ռիսկը

Արտարժութային պարտքը մասնակիորեն կփոխարինվի դրամային պարտքով՝ նվազեցնելով փոխարժեքի տատանման ռիսկը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի նպատակն է բարձրացնել ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը, այդ թվում՝ նվազեցնել վերաֆինանսավորման և փոխարժեքի ռիսկերը։

Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական ռիսկերից մեկը փոխարժեքի ռիսկն է, որի նվազեցման նպատակով անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքի բարելավմանն ուղղված գործառնություններ:

Ինչպես սահմանված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով, պետական ֆինանսների կայունությունն ամրապնդելու համար կառավարությունը ձգտելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն ավելի մեծ չափով ապահովել դրամով փոխառությունների հաշվին:

Դա թույլ կտա նվազեցնել պարտքի զգայունությունը փոխարժեքի տատանումներից, ինչպես նաև բարձրացնել ֆինանսների հասանելիությունը, որոնք անհրաժեշտ են տարաբնույթ ցնցումներին դիմակայելու հարցում Կառավարության կարողությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Ըստ այդմ՝ առաջարկվում է արտարժութային պարտքը մասնակիորեն փոխարինել դրամային պարտքով՝ միաժամանակ նվազեցնելով վերաֆինանսավորման ռիսկը: Արդյունքում՝ կբարելավվի ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքը, կնվազի փոխարժեքի ռիսկը, կպակասի կախվածությունը ֆինանսավորման արտաքին աղբյուրներից: