ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Արցախի տեղեկատվական շտաբ

ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ՌԴ խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ:

Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ըստ Տեղեկատվական շտաբի հաղորդագրության՝ ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստանում գտնվող իրենց հարազատների մոտ:

«Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ընդունվել է որոշում, համաձայն որի հատկացվել է թվով 30 ավտոբուս՝ վերոնշյալ քաղաքացիներին անխոչընդոտ ՀՀ տեղափոխելու նպատակով:

Վերոնշյալ՝ անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիների տեղափոխման գործընթացն ավարտելուց հետո մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել ՀՀ, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը:

Կառավարությունը նախատեսում է նաև կազմակերպված եղանակով տրամադրել վառելիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այն քաղաքացիներին, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով ստիպված չէին լքել իրենց տներն ու բնակավայրերը, խնդրվում է պահպանել հանգստություն և սպասել գործընթացի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության:

Հաշվի առնելով բնակչության կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտները՝ Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում խուսափել խուճապային տրամադրություններից, անկարգապահության, բռնության և հանցավոր երևույթներից, ցուցաբերել զսպվածություն և օրինապահպանություն:

Տեղեկացվում է, որ գործընթացն իրավապահ մարմինների շուրջօրյա հսկողության տակ է, և նրանք կանխարգելման աշխատանքներ տանելու հանձնարարական ունեն: