Արդարադատության նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման գործընթացում համագործակցությունը

Արդարադատության նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման գործընթացում համագործակցությունը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: 

«Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, քանի որ այն առաջին պետություններից էր, որը տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից հերթական լայնածավալ ագրեսիայի կապակցությամբ ուղիղ դատապարտեց Ադրբեջանին՝ նշելով վերջինիս հանցավոր գործողությունները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ։

Նախարարը կարևորել է նաև սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը գումարելու Ֆրանսիայի նախաձեռնության, ինչպես նաև սույն նիստի շրջանակներում Ֆրանսիայի արտահայտած դիրքորոշման համար։

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության համար կարևոր է նաև սեպտեմբերի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիական TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ևս մեկ անգամ հնչեցրած վերահաստատումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և այդ ուղղությամբ Ֆրանսիայի աջակցության պատրաստակամության վերաբերյալ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն իրապես մտահոգիչ է: Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ ֆրանսիական կողմը արձանագրել և տարբեր խողովակներով դատապարտել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման և ապօրինի գերեվարումների դեպքերը:

Նախարարն ու դեսպանը անդրադարձել են նաև Երևանում ընթացող ցույցերին ու անհնազանդության ակցիաներին: Քննարկվել են այս գործընթացների արտաքին ազդեցության հանգամանքները: Անդրադարձ է կատարվել նաև ցույցերի ընթացքում գործադրվող ոստիկանական գործողություններին և դրանց հետևող իրավական գործընթացներին: Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայում գործում են հանրային կարգի պաշտպանության դոկտրին և դրա վերահսկողության մեխանիզմներ, որոնց վերաբերյալ ֆրանսիական կողմն ուրախ կլինի կազմակերպել փորձի փոխանակում:

Անցնելով օրակարգային հարցերին՝ կողմերը քննարկել են ընթացող դատաիրավական բարեփոխումների օրակարգը: Դեսպան Դըկոտինյին բարձր է գնահատել արդարադատության նախարարության կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված այդ օրակարգի հետևողական իրականացման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, նշելով, որ այդ զարգացումները կարևոր են ոչ միայն ժողովրդավարական բարեփոխումների այլ նաև ներդրումային միջավայրի բարելավման ենթատեքստում:

Երկուստեք կարևորվել են արդարադատության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ունեցած ամուր գործընկերությունը և վերջին տարիներին Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ իրականացված ծրագրերն ուղղված Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդմանն ու դատաիրավական բարեփոխումների և արդարադատության մատչելիությանը:

Կողմերը քննարկել են նաև արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև համագործակցության ընթացքը և հեռանկարները, մասնավորապես համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը նախարարության գործառույթների շրջանականերում:

Նախարարն ու դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման գործընթացն ու այդ ուղղությամբ հնարավոր համագործակցությունը: Քննարկվել է նաև Հայաստանում արբիտրաժային կենտրոնի ստեղծման գործընթացն ու այս համատեքստում փորձի փոխանակման հնարավորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթներին: Նախարարը նշել է, որ ներկայիս օրենսդրությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռներն ու խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին:

Նախարարն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է գրառման մեջ: