ԱՏՁՄ-ն կշարունակի Արցախի «Արմաթ»-ի աշխատանքները՝ ՀՀ-ում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարում է Արցախի հայրենակիցներին օգնելու ծրագրերի մասին։
ԱՏՁՄ-ն Կոռնիձոր գյուղում ստեղծել է արագ արձագանքման խումբ՝ տեղահանվածերի տրանսպորտի, կեցության, առողջական խնդիրների, սննդի հարցերը լուծելու համար։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների՝ Արցախի խմբավարները, որոնք կուզենան լրացնել ՀՀ-ի մարզերի «Արմաթ»-ների թափուր հաստիքները, անմիջապես կապահովվեն աշխատանքով՝ իրենց ցանկությամբ մարզն ընտրելով։
«Արմաթցի» աշակերտների և նրանց ընտանիքների անդամների համար կապահովվեն Կոռնիձորից տեղափոխման և ՀՀ-ում կացության ծախսերը (ընդհանուր առմամբ՝ խոսքը գնում է մոտ 2 հազար մարդու մասին)։
Արցախի մեր հայրենակիցներին դրամական աջակցության համար ցանկացողները կարող են այցելել https://armath.am/hy/donate էլեկտրոնային հասցեով և նվիրատվության մեկնաբանություններում նշել, որ գումարը ցանկություն ունեն ուղղել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների օգնությանը։
Հիշեցնենք՝ Արցախում գործում էին «Արմաթ» լաբորատորիաներ՝ բոլոր քաղաքներում, ինչպես նաև մի շարք գյուղերում։