Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի. Կատրին Կոլոննա

Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի. Կատրին Կոլոննա

Ֆրանսիան նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզում հյուպատոսություն բացել։ Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան` անդրադառնալով հարցին, թե ինչ է անում Ֆրանսիան հայերին պաշտպանելու համար։

«Մենք խորացրել ենք ռազմական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը։ Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ կնշանակվի։ Սահմանամերձ Սյունիքի մարզում շուտով հյուպատոսություն կբացենք»,– ասել է Կոլոննան:     

Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Կոլոննան նաև հիշեցրել է ֆինանսական աջակցության մասին, որը Փարիզը կտրամադրի Երևանին` բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար:
Հիշեցնենք` Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական խնդիրները լուծելու համար: Բացի այդ, Փարիզը սարքավորումներ կուղարկի վիրավորներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Աղբյուրը՝   armeniasputnik.am