Չեխական բարեգործական կազմակերպությունը Հայաստանում հումանիտար օգնություն է տրամադրում արցախցիներին

«Մարդը կարիքի մեջ» չեխական բարեգործական հասարակական կազմակերպության թիմը Հայաստանում հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց՝ հատկացնելով սնունդ, ապահովելով շարժունակության միջոցներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար և անվտանգ տարածքներ՝ երեխաների համար։
Այս մասին նշված է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրությունում։
«Իրավիճակը ծայրահեղ ծանր է, սահմանին ավելանում է մարդկանց թիվը: Կան տարեցներ, և փոքր երեխաներ ունեցող ընտանիքներ: Շատերն իրենց հետ վերցրել են միայն տարրական իրեր և չունեն համապատասխան հագուստ, սնունդ կամ հիգիենայի պարագաներ: Մենք հույսը դնում ենք մեր դոնորներից ստացվող միջոցների վրա՝ արձագանքելու քաղաքացիական բնակչության ընթացիկ կարիքներին», - հայտնել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Վարդուհի Դադունցը։
Կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկը հանրությանը խնդրել է արձագանքել SOS Armenia արտակարգ կոչին՝ կատարելով նվիրատվություններ:
Իր հերթին «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Հայաստանի համակարգող Միխալ Զելբան հայտնել է, որ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվածներին աջակցությունը տրամադրվում է տեղի իշխանությունների միջոցով։ Այդ օգնությունը ներառում է նաև սնունդ, շարժասայլակներ։
Ըստ կազմակերպության հաղորդագրության՝ նախնական մարդասիրական օգնության տրամադրումը հնարավոր է եղել՝ շնորհիվ կազմակերպության «Ընկերների ակումբի» մարդասիրական հիմնադրամի միջոցներից հատկացված 40 հազար եվրոյի։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Հայաստանում մշտական առաքելություն ունի 2003 թ.-ից, իսկ առաջին մարդասիրական օգնությունը Հայաստանին տրամադրվել է 1988 թ.-ի աղետալի երկրաշարժից հետո։ Կազմակերպությունը հիմնադրվել է Պրահայի հենց այն մի խումբ ուսանողների կողմից, որոնք Սպիտակի երկրաշարժից տուժածների համար 50 տոննա օգնություն են հավաքել և ուղարկել Հայաստան։