Օգոստոսին Հայաստանում շարունակել են դանդաղել միջնորդ առևտրի տեմպերը

Օգոստոսին Հայաստանում շարունակել են դանդաղել  միջնորդ առևտրի տեմպերը

 Հայաստանում շարունակել են դանդաղել միջնորդ առևտրի աճի տեմպերը։ Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական կոմիտեի` հունվար–օգոստոսի օպերատիվ տվյալները, արտահանումն աճել է 51.8%-ով, ներմուծումը` 53,8%–ով։ Բացարձակ թվերով այն կազմել է, համապատասխանաբար $4 մլրդ 459 մլն և $7 մլրդ 537 մլն։ Այն, որ արտահանման–ներմուծման մեծ հոսքերը կապված են միջնորդ առևտրի հետ (ռուս–ուկրաինական հակամարտության պայմաններում), հայտնի է։

Սակայն դրա աճի տեմպը սկսում է դանդաղել. եթե մինչև մայիսը արտահանման ծավալն աճում էր կրկնակի կամ դրան մոտ, ապա հունիսին արտաքին առևտուրն աճել է շուրջ 70%, հուլիսին`շուրջ 60%, հիմա էլ` 50%. Նշենք, որ աճի դանդաղումը չի կարելի շփոթել ծավալների կրճատման հետ. բացարձակ թվերով ծավալները մնում են մեծ, ուղղակի հասնելով որոշակի բարձր մակարդակի, առայժմ էլի ավելի շատ չեն աճում։

Նշենք, որ ինչպես և նախորդ ամիսներին, արդյունաբերության աճը զրոյին մոտ է եղել (այս անգամ` կրճատվել 0,1%–ով), իսկ էլեկտրաէներգիայի գեներացիան` 2,6%–ով։ Սա ևս վկայում է, որ արտահանման աճը մեծամասամբ պայմանավորված է միջնորդ առևտրով։

Եթե խոսենք այլ ցուցանիշների մասին, ապա տնտեսական ակտիվության ցուցանիշը հանրապետությունում աճել է 10,4%–ով, սակայն, ինչպես և նախորդ ամիսներին, հիմնված է շինարարական բումի, առևտրի և ծառայությունների մասին։ Շինարարության ծավալներն աճել են 17,3%–ով, առևտուրը` 23,1%–ով, ծառայությունների շրջանառությունը` 14,8%–ով։