Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Զբոսաշրջության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը

Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Զբոսաշրջության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Զբոսաշրջության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։  Ըստ Քերոբյանի՝ առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները նպաստելու են քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության ծառայություններին և սուբյեկտներին ներկայացվող պահանջների հստակեցմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տնտեսական, մարդկային ռեսուրսների համաչափ զարգացմանը։

Նախարարը կարևորել է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց և նրանց կողմից մատուցվող ծառայությունների հստակ տարբերակումը, պահանջների և չափանիշների սահմանումը, զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց իրավական դաշտում գործունեության ապահովումը, զբոսաշրջության բնագավառում քաղաքականություն մշակող մարմինների ազդեցությունների հստակեցումը, վերահսկողության մեխանիզմների ներդրումը, հյուրանոցային ծառայությունների միջազգային չափանիշներին համապատասխան որակի ապահովումը:

Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև զբոսաշրջային  տեղեկատվական կենտրոնների կողմից իրենց գործունեության շրջանակում որակյալ ծառայությունների մատուցմանը, տեղեկատվության տրամադրմանը: Նա խոսել է նաև զբոսաշրջային ավտոբուսների անվտանգային և միջազգային տեխնիկական չափանիշներին համապատասխանեցման մասին: Նախարարը տեղեկացրել է, որ նշված խնդիրների կարգավորման նպատակով ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել զբոսաշրջության ծառայություններ տրամադրելու պայմանները և վարահսկողության մեխանիզմները, սահմանվում են հստակ պահանջներով չափանիշներ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց համար, հստակեցվում է այս բնագավառում  կարգավորման շրջանակը Կառավարության պետական լիազորված մարմնի լիազորություններն ու գործառույթները, ներդրվում է զբոսաշրջային ծառայությունների մատուցման էլեկտրոնային և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան:

Անդրադառնալով որակական չափանիշների բարելավմանը` Վահան Քերոբյանը նշել է, որ օրենքի նախագծով կներդրվեն միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման մեխանիզմներ, կհստակեցվեն զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին ներկայացվող պահանջները: Նախագծով նախատեսվում է նաև ներդնել զբոսաշրջային ավտոբուսներով ուղևորափոխադրման որակավորման համակարգ: Վահան Քերոբյանի խոսքով օրենքի նախագծի ընդունումը կնպաստի զբոսաշրջության ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը: