Գեղարքունիքի մարզը ևս ընդունել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները տեղավորվել են նաև Գեղարքունիքի մարզում: Մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Միասնական սոցիալական ծառայության Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի տարածքային կենտրոնների տնօրենների հետ։
Մարզպետը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Գեղարքունիքի մարզի բնակավայրերում տեղավորելու, կեցավայրեր տրամադրելու, կենսապահովման համար առաջնահերթ կարիքները հոգալու, հրատապ անելիքները գույքագրելու և իրականացնելու հետ կապված հարցեր։
«Քանի որ մեր մարզ արդեն ժամանել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմաթիվ հայ ընտանիքներ, ու այդ հոսքը շարունակվում է, մենք պետք է գործենք միասնական, համակարգված, արագ ու վճռական, որպեսզի կարողանանք արդյունավետորեն իրականացնել մեր առջև ծառացած բոլոր խնդիրները։ Բնական է, որ մեզ սպասվում է չափազանց ծանր աշխատանք, որ մենք բախվելու ենք բազմաբովանդակ խնդիրների, սակայն պետք է գործադրենք աներևակայելի ջանքեր, որպեսզի կարողանանք հնարավորինս հաղթահարել ստեղծված ծանր իրավիճակը, նյութապես, բարոյապես, հոգեպես, ամեն գնով աջակցել մեր հայրենակիցներին։ Կխնդրեմ ամենայն ուշադրությամբ մոտենալ ցանկացած հարցի, արագ արձագանքել ի հայտ եկած խնդիրներին և տեղեկացնել մեզ»,-հանձնարարեց Կարեն Սարգսյանը։
ՄՍԾ տարածքային կենտրոնների տնօրենները հանդես եկան մի շարք առաջարկներով։