Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու պլանները դադարեցվել են. Eurasianet

Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու պլանները դադարեցվել են. Eurasianet

Ադրբեջանի եւ Եվրամիության՝ գազի մատակարարումները կրկնապատկելու անցած տարի համաձայնեցված պլանները դադարեցվել են, գրել է Eurasianet-ը՝ նշելով, որ եվրոպական գնորդները դեռ չեն հաստատել, որ գազը կընդունեն։

Լրագրողների առջեւ հանդես գալով Անկարայում, սեպտեմբերի 14-ի կլոր սեղանի ժամանակ, Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հաստատել է, որ իր նախարարությունը հանձնարարել է TANAP խողովակաշարի օպերատորին, որով ադրբեջանական գազը տեղափոխվում է Թուրքիայով Հունաստան, պատրաստվել խողովակաշարի ընդլայնմանը, որպեսզի ապահովվի տարեկան 31 մլրդ խորանարդ մետր գազի եւ լրացուցիչ 10 մլրդ խորանարդ մետր գազի տեղափոխումը։

Բայց նա ավելացրել է, որ, որքան իրեն հայտնի է, առայժմ ոչ Ադրբեջանի հիմնական գազահանքերի օպերատորները, ոչ երեք խողովակաշարերի, որոնցով գազն Ադրբեջանից մատակարարվում է եվրոպական շուկաներ, օպերատորները հաստատում չեն ստացել, թե գազն իսկապես շուկա ունի Եվրոպայում։

«Ես այնքան էլ վստահ չեմ՝ պատրա՞ստ է արդյոք եվրոպական շուկան ավելի շատ գազ ստանալ TANAP-ով»,- ասել է նա, նշելով, որ հարցը քննարկել է ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության հետ։

«Եվրոպական կողմից, չեմ կարծում, թե նրանք երկարաժամկետ պարտավորություններ են տալիս։ Առանց դրա ընդլայնումն անհնար է»,- ավելացրել է նա։

TANAP-ը, որը պատկանում է Ադրբեջանին (58 տոկոս), Թուրքիային (30 տոկոս) եւ BP-ին (12 տոկոս) երեք խողովակաշարերից մեկն է, որը կազմում է Հարավային գազային միջանցքը։

Երեք խողովակաշարերը  անհրաժեշտ է ընդլայնել, որպեսզի արտահանումը հասնի տարեկան 20 մլրդ խորանարդ մետրի, բայց այդ ընդլայնումը կպահանջի զգալի ներդրումներ։

Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման կրկնապատկման պլանները համաձայնեցվել են Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ անցած տարվա հուլիսին ստորագրված հուշագրով։

Այն ստորագրվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, քանի որ Եվրոպան պատերազմի հետեւանքով կարող է բախվել գազի անբավարարության խնդրին։ Բայց ձեւակերպումը նշանակում է, որ երկու կողմերը համաձայնել են ձգտել կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա՝ «մինչեւ 2027թ., տարեկան առնվազն մինչեւ 20 մլրդ խորանարդ մետր, շուկայական պահանջարկին համապատասխան»։

Բայց Եվրոպային հաջողվեց խուսափել այդ անբավարարությունից հեղուկացված բնական գազի շնորհիվ։

Եթե գազի դեֆիցիտ չլինի, չի երաշխավորվի նաեւ լրացուցիչ գազի շուկա, որը պետք է մատակարարի Ադրբեջանը, եւ չկա խողովակաշարի ընդլայնման համար ներդրումների կարիք։

Մինչ այժմ պարզ չէ, թե որքան լրացուցիչ գազ է Ադրբեջանը կարողանալու մատակարարել եւ երբ։

Շահ-Դենիզի, որի օպերատորը  BP ընկերությունն է, արտադրական հզորությունները չեն կարող ապահովել 10 մլրդ խորանարդ մետր լրացուցիչ գազի մատակարարումը։

BP-ն սկսել է հետախուզական հորատումները երկու պահեստարաններում, որոնք, գուցե, կարողանան ավելի շատ գազ տալ, բայց պարզ չէ, թե կգտնեն արդյոք նրանք կոմերցիոն պիտանի ծավալներ։

Ֆրանսիական Total Energies ընկերությունը վերջերս սկսել է արդյունահանել 1,5 մլրդ խորանարդ մետր գազ ադրբեջանական Ապշերոնում։ Այդ ծավալը կարելի է ավելացնել՝ 5,5 մլրդ-ի հասցնելով։

Ադրբեջանին արդեն հաջողվել է ավելացնել Եվրոպա ագզի արտահանումը՝ 11,4 մլրդ խորանարդ մետրի հասցնելով, եւ սպասվում է, որ այս տարի այն կհասնի 11,6 մլրդ-ի։

Բայց Բաքուն նաեւ հարեւաններին՝ Վրաստանին եւ Թուրքիային գազ մատակարարելու պարտավորություն ունի։

Նորից պարզ չէ, թե ինչ աստիճանի կարող է սվոփ-գործարքը ընդլայնվել Իրանի պարագան հաշվի առնելով. Թեհրանը դեռեւս միջազգային պատժամիջոցների տակ է։

Պարզ չէ, նաեւ, թե Ադրբեջանի ռազմական հարձակումն Արցախի դեմ ինչ ազդեցություն կունենա ԵՄ-ի հետ հարաբերություններում։

Սեպտեմբերի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ելույթում մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին «Հայաստանի սահմաններին սպառնալիքի մեջ»։ Իսկ սեպտեմբերի 25-ին Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Դեւիդ Մակքալիստերը ենթադրել է, որ ԵՄ-ն «պետք է պարզ հասկացնի, որ հայ բնակչության ցանկացած տեղահանում կամ հարկադրանք լուրջ հետեւանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»։ (Իսկապես, տարածաշրջանի բնակչության ճնշող մեծամասնությունը որոշել է փախչել, այլ ոչ թե ապրել Ադրբեջանի իշխանության ներքո)։

Այս հանելուկի լուծումը կարող է գալ Թուրքիայից՝ Անկարայի ծրագրած գազի առեւտրի կենտրոնի տեսքով Թորքիայի հյուսիս-արեւմուտքում, երկրի չորս խողովակաշարերից ոչ հեռու, որոնցով գազն արդեն գնում է Եվրոպա։

Անկարան ենթադրում է ստեղծել առեւտրային կետ՝ Նիդեռլանդների TTF-ի նման, որտեղ գազ են վաճառում, որը գալիս է մի քանի աղբյուրներից, կամ խողովակաշարով, կամ հեղուկացված բնական գազի տեսքով։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը ենթադրում է, որ տարբեր խողովակաշարերից եկող գազը եւ հեղուկացված բնական գազը, որը գալիս է Թուրքիա, կարելի կլինի վաճառել թուրքական EPIAS բորսայում (Ստամբուլ), որն արդեն գազ է վաճառում թուրքական շուկայում։

Սակայն դրա համար կպահանջվի գազ մի քանի աղբյուրներից։ Ներկայում Թուրքիան զգալի ավելցուկային հզորություններ ունի ՀԲԳ ներմուծման գծով եւ գազ ներմուծում է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի խողովակաշարով։

Քանի որ միջազգային պատժամիջոցները, հավանաբար, կսահմանափակեն ինչպես ռուսական, այնպես էլ իրանական գազի տարանցումը Եվրոպա թուրքական հաբի միջոցով, կմնան միայն ՀԲԳ-ն եւ ադրբեջանական գազը, ինչը հնարավոր ազդակ կհանդիսանա ներդրումների համար ինչպես ադրբեջանական գազի արդյունահանման, այնպես էլ խողովակաշարերի թողունակության ավելացման համար՝ Եվրոպա ցանկացած լրացուցիչ գազ մղելու նպատակով»։