Հայաստանի տնտեսությանը շարունակում են աջակցել ծառայությունների, առևտրի և շինարարության ոլորտները. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսությանը շարունակում են աջակցել ծառայությունների, առևտրի և շինարարության ոլորտները. ԵԱԶԲ

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում հունվար-օգոստոսին տարեկան կտրվածքով աճել է 10,4%-ով, տնտեսությանը շարունակել են աջակցել ծառայությունների (+14,8%), առևտրի (+23,1%) և շինարարության (+17,3%) ոլորտները, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովի խմբի ամենշաբաթյա մակրոտնտեսական ակնարկում։

«Արդյունաբերական արտադրությունը հունվար-օգոստոսին տարեկան կտրվածքով նվազել է 0.1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի անկմամբ։ Դանդաղել է ապրանքների արտահանումը։ Հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով ներմուծման արժեքի ծավալների աճը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է արտահանման աճը (համապատասխանաբար 53,8%–ով և 51,8%–ով): Ներմուծման կայուն ընդլայնումը կապված է ներքին պահանջարկի աճի և հայկական դրամի ամրապնդման հետ»,- նշվում է ուսումնասիրության մեջ։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Հայաստանում տնտեսական ակտիվությունը 8 ամսում տարեկան կտրվածքով աճել է 10,4%-ով։ 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 0,2% գնանկում։

ԿԲ սեպտեմբերյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 7,2 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս։

Fitch-ը 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճ է կանխատեսել մինչև 6,1%, Moody's-ը՝ մինչև 7%, իսկ S&P-ը՝ 7,5%։ Համաշխարհային բանկի գնահատականներով, Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 4,4%, ԵԶԲ-ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 7,5%-ով, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության աճը գնահատում է 6,5%, իսկ ԱՄՀ-ն կանխատեսում է 5,5% աճ:

Աղբյուրը՝   arka.am