«Հրապարակ». Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում

«Հրապարակ». Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում

Մոտ երկու շաբաթ է՝ 60-ի չափ բեռնատար մեքենաներ կանգնած են Լարսում՝ թույլ չեն տալիս սահմանն անցնեն։ Բեռնատարներում Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակ է՝ տարբեր ընկերությունների պատկանող։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դրանց մեջ կա եւ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» կոնյակի գործարանի, եւ ֆրանսիացիներին պատկանող գործարանի, «Վեդի Ալկո»-ի, ՄԱՊ-ի կոնյակի խմբաքանակ։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ կոնյակը պետք է փորձաքննություն անցնի՝ իբրև թե պարզելու համար՝ օրիգինա՞լ են, թե՞ կեղծիքներ կան։ Սակայն կարծիք կա, որ սրանով ռուսական կողմը սկսել է չհայտարարված պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։

Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցիչ Վահան Հակոբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատել է լուրը․ «Իրականում կոնյակների վրա վերահսկողությունը դրվել է մոտ մարտ-ապրիլ ամիսներին, և այդ ժամանակվանից սկսած խիստ հսկողություն է իրականացվում ռուսական մաքսային ծառայության կողմից։ Մի քանի օր առաջ հսկողությունը ավելի են ուժեղացրել ու եթե այն ժամանակ մաքսային ծառայության ռիսկերի կառավարման համակարգը ընտրում էր կոնկրետ ինչ-որ արտադրողների աարանքներ և հսկողություն էր իրականացվում, ապա հիմա համակարգը ընտրում է բոլոր հայկական կոնյակները։ Այս պահին ունենք մոտ 60 բեռնատար, որոնք ենթարկվում են հսկողության»։