Սահմանների բացումն ու Հայաստանի շահերը

Սահմանների բացումն  ու  Հայաստանի շահերը

Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման պարագայում հնարավոր փոփոխություններն ու ազդեցության ոլորտները գնահատելու համար Հայաստանի պետական  տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի թիմը (Սուսաննա Աղաջանյան, Տաթևիկ Վարդանյան, Տիգրան Միքայելյան, Անի Հարությունյան), տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանի ղեկավարությամբ ՓՄՁ ոլորտի ձեռնարկատերերի ու մեծ թվով  փորձագետների մասնակցությամբ իրականացրել է   հետազոտություն և գնահատել է ապաշրջափակման հիմնական մարտահրավերներն ու խոչընդոտները:

Համաձայն ուսումնասիրությանհետազոտությանը մասնակցած գործարարների 54%-ը  նշել են, որ իրենց գործունեության ընթացքում թուրք տնտեսվարողների հետ գործարար կապեր չեն ունեցել, չնայած այն հանգամանքին, որ սրանց 62%-ը  ներմուծել են թուրքական ապրանքներ։ Հարցմանը մասնակցած փոքր ու միջին ձեռնարկատերերի 76%-ը ճիշտ են համարում թուրքական ծագման ապրանքների նկատմամբ արգելքների սահմանումն  ու երկարաձգումը: 18%-ը դեմ ենմատնանշելով թուրքականին փոխարինող շուկաներ գտնելու հետ կապված դժվարություններն ու տեղական արտադրանքով դրանց փոխարինելու անհնարինությունը:

Անկախ այն հանգամանքից, թե որքանով են մեր գործարարները ծանոթ թուրքական ապրանքների հայկական այլընտրանքներին, նրանց 72%-ը պատրաստ են փոխարինել թուրքական ծագման ապրանքները հայկական արտադրանքով կամ այլ փոխարինիչներով։  26%-ը մասամբ է պատրաստ դա անել։ Ընդ որում, դա նույնիսկ այն դեպքում, երբ մեր գործարարների միայն 32%-ն է գտնում, որ հայկական, այսպես կոչված, փոխարինող ապրանքները մրցունակ են համանման թուրքականների համեմատությամբ։ 
Հայ ձեռնարկատերերը գտնում են, որ թուրքական ապրանքներին առաջնահերթ այլընտրանք կարող են հանդիսանալ չինական, ռուսական  և հետո միայն հայկական արտադրանքները։        

Ուսումնասիրությանը մասնակցած ՓՄՁ ներկայացուցիչների 86%-ի գնահատմամբ  սահմանների բացման պարագայում մեծ հավանականությամբ իրենց գործունեությունը կտուժի։ 14%-ը գտնում է, որ չի տուժի, որովհետև «չտուժողների» կեսից ավելին  ծառայությունների և սպասարկման ոլորտում են։

Գործարարների 74%-ը գտնում է, որ որևէ կերպ չի պատկերացնում համագործակցություն թուրքական արտադրողների հետ, սահմանի բացման պարագայում: Գործարարների և ուսումնասիրությանը մասնակցած փորձագետների գրեթե 90%-ը գտնում են, որ սահմանների բացումը բացասաբար կանդրադառնա հասարակության սոցիալ-հոգեբանական տրամադրությունների վրա։ Եվ միայն 2 %-ն է կարծում, որ ազդեցությունը կլինի դրական։ Հետազոտությանը ներգրավված մեծաթիվ անկախ փորձագետները մասնագիտությամբ հիմնականում քաղաքագետներ, թուրքագետներ, արևելագետներ, միջազգայնագետներ, տնտեսագետներ ու պատմաբաններ են եղել։ Մասնակիցների 90%-ը կողմ է արտահայտվել ներկայիս ապրանքների ներմուծման սահմանափակումներին։ Խնդիրը մեկնաբանվել է այնպես, որ երկրի ինքնուրույն զարգացման, սեփական արտադրությունն ունենալու և/կամ համագործակցության նոր ուղիներ փնտրելու համար անհրաժեշտություն է հրաժարվել թուրքական ապրանքներից, որոնք արդեն որոշ չափով հասցրել են կլանել ներքին շուկան։ Սա լուրջ ռազմավարական վտանգ է ներկայացնում, եթե հաշվի առնենք, որ ներքին սպառումը որոշակի կախվածություն ունի թուրքական արտադրանքից, իսկ վերջինիս հոսքը դեպի ՀՀ կարող է ցանկացած անկանխատեսելի պահի  կանգնեցվել հենց Թուրքիայի կողմից՝ նպատակ ունենալով ճգնաժամային իրավիճակ ստեղծել այն ճյուղերում, որոնք «սնվում են» թուրքական արտադրանքով։   

        Փորձագետների 80%-ը գտնում է, որ այս պահը Թուրքիայի հետ հարաբե­րությունների կարգավորման համար հարմար չէ մի շարք պատճառներով։ Նրանց համար առաջնահերթ է  հասկանալ այն գինը, որը պետք է վճարի ՀՀ-ն՝ խաղաղության օրակարգի դիմաց դա ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգից հանե՞լն է, թե՞  Արցախից հրաժարումը։ Մյուս կողմից ՀՀ-ն Թուրքիայի հետ ունեցած հարաբերու­թյուններում դեռ չի ձևավորել այն ռազմաքաղաքական իմունիտետը, որ կարողանա դուրս գալ երկխոսության և, որ  առաջ քաշվելիք խնդիրները չլուծվեն՝ բացառապես ՀՀ-ի շահերի հաշվին։

        Փորձագետների ընդամենը 10%-ն է համարում, որ ՀՀ-Թուրքիա հարաբերություն­ները կարող են անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա և հակառակը։ Բանն այն է, որ դեռ 1990-ական թվականներից հենց Թուրքիան է ԼՂ հիմնախնդիրը պայմանավորել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների լուծմամբ։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ թուրքական և ադրբեջանական կողմի պահանջները՝ կապված Արցախի հետ, քաղաքական պոպուլիզմի դրսևորումներ են։ Ընդհանուր առմամբ՝ Արցախը միայն պատրվակ է ՀՀ ի հետ թուրքական քաղաքականության ռազմավարական նպատակն իրականացնելու համար։ Մյուս կողմից,  եթե Արցախի հարցը դուրս գա օրակարգից, ապա Թուրքիան կառաջադրի այլ պահանջներ։
 
(շարունակելի)