Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին կացարանով, սննդով և անհրաժեշտ պարագաներով ապահովելու գործընթացը

Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին կացարանով, սննդով և անհրաժեշտ պարագաներով ապահովելու գործընթացը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզպետարանում մարզպետի, աշխատակազմի և համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացը։

Նախարարը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել, ամենօրյա ռեժիմով իրականացնել տեղահանվածների կարիքների գնահատում, և ըստ անհրաժեշտության, ապահովել կարիքները։ Նախարարը հանձնարարել է, ըստ անհրաժեշտության, տեղահանվածներին աջակցելու գործընթացում ներգրավել նաև կամավորների։

Սանոսյանը հանձնարարել է խստորեն հետևել բռնի տեղահանվածների հաշվառման գործընթացին, որպեսզի հաշվառումից դուրս մնացած քաղաքացիներ չլինեն և առաջիկայում աջակցության ծրագրերից օգտվելու հետ խնդիրներ չառաջանան։

Մարզպետի աշխատակազմից զեկուցեցին, որ մարզպետարանում ձևավորվել է երեք աշխատանքային խումբ, որոնք զբաղվում են քաղաքացիների հաշվառմամբ, կարիքների գնահատմամբ և սննդի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարմամբ։ Արագածոտնի մարզում այս պահին տեղավորվել է 3322 բռնի տեղահանված քաղաքացի, որոնցից 478-ը` հյուրանոցներում և հյուրատներում։