Ռուսաստանը տնտեսական աճի և ընթացիկ հաշվեկշռի վերականգնման խնդիր ունի. Աղասի Թավադյան

Ռուսաստանը տնտեսական աճի և ընթացիկ հաշվեկշռի վերականգնման խնդիր ունի. Աղասի Թավադյան

Ներկայացնում ենք Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլուծությունը․

 

ՌԴ հիմնական տոկոսադրույքի բարձրացում

Վերջին երկու ամիսների ընթացքում Ռուսաստանի Կենտրոնական բանկը կայացրել է երեք արտահերթ նիստ, որոնց ընթացքում որոշվել է բարձրացնել ՌԴ ԿԲ հիմնական տոկոսադրույքը՝ 7,5%-ից հասցնելով 13%-ի։ Տոկոսադրույքների այս բարձրացումնը զգալի է Ռուսաստանի տնտեսության համար և պաշտոնապես ուղղված է գնաճի դեմ պայքարին: Այնուամենայնիվ, այս պահին գնաճի տեմպերը համեմատելի են խոշոր տնտեսությունների գնաճի հետ (բացի Թուրքիայից և Արգենտինայից, որտեղ առկա են առանձին տնտեսական խնդիրներ)

 

Գծապատկեր 1 ՌԴ ԿԲ հիմնական տոկոսադրույքը

 image.png

 

Գնաճի դինամիկա

Ռուսաստանում գնաճը Ուկրաինա ներխուժումից հետո 2022 թվականի փետրվարին հասել էր 18%-ի: Տոկոսադրույքի հետագա բարձրացումը մինչև 20% օգնեց զսպել գնաճը սկզբնական շրջանում: Այնուամենայնիվ, որոշակի հարցեր է առաջացնում այն, որ մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանում գրանցվել է գնաճի աննախադեպ անկում՝ մեկ ամսում 11%-ից իջնելով 3,5%-ի: Սա նաև հուշում է նրա մասին, որ ՌԴ գնաճի վրա ավելի շատ ոչ մոնիտար ուժեր են ազդում:

 

Գծապատկեր 2 ՌԴ գնաճը վերջին 12 ամսիներին

 image.png

 

Ռուսական ռուբլու տատանումներ

Ռուսական ռուբլին վերջին մեկ տարվա ընթացքում շարունակաբար արժեզրկվում է, և այն այժմ մեկ ԱՄՆ դոլարի փոխարեն վաճառվում է մոտ 99 ռուբլով, այն ինչ 2022 թվականի հունիսին 1 դոլարը արժեր մոտ 60 ռուբլի։ Վերջին շրջանում ռուբլու արժեզրկումը դադարեցվել է հիմնական տոկոսադրույքի բարձրացումով։ Ամենակտրուկ բարձրացումը 3.5 տոկոսային կետով (8.5-ից 12 տոկոս) գրանցվել է օգոստոսի 15-ին հրավիրված արտահերթ նիստում։ Այդ օրը Ռուսական ռուբլին առաջին անգամ Ռուս-Ուկրաինական պատերազմի սկզբից հատեց 100 ռուբլի 1 դոլարի համար սահմանը, որից հետո հրավիրվեց արտահերթ նիստ։ Այս միջոցառումը ժամանակվորապես կանխեց ռուբլու հետագա արժեզրկումը։

Ըստ էության, տոկոսադրույքերի բարձրացումը ռուբլու անկման կանխարգելման և ամրացման փորձ է, այլ ոչ թե գնաճի զսպման միջոցառում։ Քանի որ ռուբլին շարունակում է արժեզրկվել և նորից ուզում է հատել 100 ռուբլի մեկ դոլարի համար հոգեբանական սահմանը կարելի է ակնկալել, որ մոտակա օրերը Ռուսաստանի ԿԲ կրկին կբարձրացնի հիմնական տոկոսադրույքը։

 

Գծապատկեր 3 ԱՄՆ դոլար և ՌԴ Ռուբլու փոխարժեքը 

image.png

 

Գծապատկեր 4 Ռուսաստանի նավթամթերքից և բնական գազից ստացված արտահանման եկամուտը 

image.png

 

Առևտրային և ընթացիկ հաշիվ

Ռուսաստանի առևտրային հաշվեկշիռը զգալիորեն վատթարացել է վերջին շրջանում, և ներկայումս այն գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա՝ COVID-19 համաճարակից ի վեր: Այս անկմանը նպաստում են պատժամիջոցներն ու արտահանման կրճատումը։ Սա իր հերթին ճնշում է Ռուսաստանի ընթացիկ հաշվի վրա, որը վերջին 12 ամիսների ընթացքում նվազում է։

Նշեմ որ հիմնականում Ռուսաստանը իր դրական հաշվեկշիռը պատմականորեն ապահովել է նավթամթերքի և բնական գազի արտահանմամբ, ինչը վերջին ամսիսներին զգալիորեն կրճատվել է։

 

Գծապատկեր 5 Ռուսաստանի ապրանքային հաշվեկշիռը

 image.png

 

Գծապատկեր 6 Ռուսաստանի ընթացիկ հաշվեկշիռը 

image.png

 

Բենզինի և դիզելի արտահանման անժամկետ դադարեցում

Սեպտեմբերի 21-ից ռուսաստանի դաշնությունը անժամկետ արգելք է դրել նավթամթերքի արտահանման վրա։ Սա չի տարածվում ԵԱՏՄ երկրների վրա, որոնց մեջ է Հայաստանը։ Այս քայլը որոշակի հարցեր է առաջացնում, քանզի այս պահին առկա է վատթարացող առևտրային հաշվեկշիռ և Ռուսաստանին անհրաժեշտ է արտահանումը մեծացնել՝ ընթացիկ հաշվեկշռի դրական սալդոն ապահովելու համար։ Իսկ Նավթամթերըք, որի մեջ մտնում են բենզինը և դիզելային վառքլիքը, ունի ավելի մեծ ավելացված արժեք համեմատած հում նավթի։

Նշեմ, որ այս արգելքը չի տարածվում հում նավթի վրա, իսկ հում նավթի պահանջարկը Չինաստանում և Հնդկաստանում ավելի մեծ է։ Խնդիրը նրանում է, որ ՌԴ ներքին բենզինի գները վերջին շրջանում շարունակաբար աճում էին և առկա է հստակ նպատակ կայունացնել վառելիքի ներքին շուկան։ Այս պահին ռուսաստանում բերքահավաքի սեզոն է և հացահատիկի բերքահավաքի համար վառելիք չի հերիքում։ Սա պայմանավորված է նաև ռուբլու փոխարժեքի արժեզրկմամբ:

Փաստացի ավելի ձեռք է տալիս արտահանել բենզինը, քան այն պահել ներքին շուկայում, որտեղ այն ունի ռուբլուն կցված կայուն գին։ Ռուսաստանին սպառնում է վառելիքի արտահանումից եկամտի կորուստ, ինչը էականորեն ազդում է տնտեսության վրա։ Այս զարգացումը բարդ մարտահրավեր է Ռուսաստանի համար, քանի որ նա ձգտում է կայունացնել իր ներքին շուկան՝ միաժամանակ գործ ունենալով արտահանման կրճատված ֆինանսական հետևանքների հետ՝ ազդելով իր տնտեսության և նավթավերամշակման գործարանների վրա:

Եզրակացություն

Վերջին 18 ամիսների ընթացքում Ռուսաստանը հակամարտության մեջ է Ուկրաինայի հետ։ Բավականին մեծ քանակությամբ սանկցիաներ են այս պահին գործում ՌԴ տնտեսության վրա։ Սա բավականին թուլացրել է ռուսական տնտեսությունը։ Ռուսաստանը տնտեսական աճի և ընթացիկ հաշվեկշռի վերականգնման զգալի խնդիր ունի։

Որքան ուժեղ է տնտեսությունը, այնքան ուժեղ է պետությունը։ Վերջին ամիսների ընթացքում ՌԴ տնտեսության պատկերը ցույց է տալիս որոշակի խնդիրներ, ինչը կարող է նաև հանդիսանալ տարածաշրջանի անկայունության պատճառներից մեկը։