Ֆրանսիան շարունակում է ջանքերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԼՂ հարցով բանաձևի ընդունման շուրջ. Կատրին Կոլոննա

Ֆրանսիան շարունակում է ջանքերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԼՂ հարցով բանաձևի ընդունման շուրջ. Կատրին Կոլոննա

Ֆրանսիան ջանում է պայմաններ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ում բանաձևի ընդունումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր տանն անվտանգ ապրելու իրավունքի վերաբերյալ բանաձև չընդունելու հարցին:

«Փորձում ենք գտնել նոր ճանապարհներ՝ ինչպես կարող ենք դասեր քաղել մոտ 10 օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումներից՝ հեռանկարում ունենալով գուցե հնարավոր բանաձև: Շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել: Կարծում եմ, այդ առումով մեր տեսլականը նույնն է, որ կարող ենք դրա շուրջ միավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այլ անդամների»,- ասաց Կոլոննան՝ նշելով, որ չնայած գործադրված փորձերին՝ ավելի վաղ հնարավոր չի եղել համախմբել ավելի շատ գաղափարակից ուժերի: