Իսրայելն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնք կարող են իրենից զենք գնել

Իսրայելն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնք կարող են իրենից զենք գնել

Իսրայելը 2022 թվականին ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնք կարող են գնել իսրայելական արտադրության զինամթերք՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտության պատճառով պահանջարկի աճի պայմաններում: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հրեական պետության պաշտպանության նախարարության տվյալները։

Ըստ նախարարության տեղեկատվության՝ անցյալ տարի էապես աճել է ինչպես բոլոր կատեգորիաների իսրայելական պաշտպանական արտադրանքի արտահանման ընդհանուր թույլտվություն ունեցողների, այնպես էլ զենքի առանձին տեսակների կամ կրկնակի նշանակության արտադրանքի ձեռքբերման լիցենզիա ունեցողների թվաքանակը։ Մասնավորապես, բոլոր կատեգորիաների համար թույլտվություն ունեցող ներկրողների թարմացված ցանկը ներառում է 61 երկիր, մինչդեռ 2020 թվականին դրանց թիվը հասնում էր 42-ի:

Բացի այդ, իսրայելցի մասնագետները կկարողանան պատրաստել զինվորականների 17-ից երկրներից, մինչդեռ 2020 թվականին նման համաձայնագրերը վերաբերում էին Իսրայելի միայն 2 գործընկերների։

Ինչպես նշում է գործակալությունը, արտահանման պայմանագրերի քանակի ավելացումը պայմանավորված է պաշտպանական շուկայում պահանջարկի ավելացմամբ, որն առաջացել է ուկրաինական հակամարտության պատճառով։  

Հունիսին Իսրայելի ​պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելը 2022 թվականի ընթացքում վաճառել է 12,5 միլիարդ դոլար գումարի զենք․ երկրի պաշտպանական արտադրանքի արտահանումը մեկ տասնամյակում կրկնապատկվել է և վերջին երեք տարվա ընթացքում աճել 50 %-ով։ Նախարարությունում նշել են, որ 2022 թվականին իսրայելական ռազմական արտահանման հիմնական մասը բաժին է ընկել «ԱԹՍ-ներին և անօդաչու համակարգերին (25 %), հրթիռներին և հակաօդային պաշտպանության համակարգերին (19 %), ռադարներին և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին (13 %), հսկողության համակարգերին և օպտոէլեկտրոնիկային (10 %)»:

Մամուլի ծառայությունում հավելել են, որ 2022 թվականին Իսրայելի պաշտպանական արտահանման 30 %-ն ուղղվել է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ, 29 %-ը՝ Եվրոպայի երկրներ, 11 %-ը՝ Հյուսիսային Ամերիկա, 3-ական տոկոսը՝ Աֆրիկա և Լատինական Ամերիկա, ինչպես նաև 24 %-ն՝ Աբրահամի համաձայնագիրը ստորագրած պետություններ (ԱՄԷ, Բահրեյն, Մարոկկո և Սուդան):

Աղբյուրը՝   armenpress.am