Հայաստանի արտահանողներն ահազանգել են հայկական ալկոհոլային արտադրանքի մուտքը ռուսական շուկա թույլ չտալու մասին, իսկ դրամը սկսել է զիջել դիրքերը

«Էքսպորտ Արմենիա» նախաձեռնությունը, որը միավորում է Հայաստանի հարյուրավոր արտադրող-արտահանողների, խորը մտահոգություն է հայտնել հայկական ալկոհոլային արտադրանքը ռուսական շուկա թույլ չտալու կապակցությամբ:
«Էքսպորտ Արմենիա»-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ շատ արտադրողներ, արտահանողներ, լոգիստիկ ընկերություններ խիստ մտահոգված են իրենց գոյության ապագայով: «Մեր առջև փակվում է արտահանման միակ ճանապարհը՝ «Մետաքսի ճանապարհը»» Մարտ ամսից որոշ արտադրողներ հայտնվել են «Ռոսալկոգոլռեգուլիռովանիե»-ի չհայտարարված պատժամիջոցների տակ, իսկ սեպտեմբերի 1-ից այդ ցուցակում են հայտնվել հայկական կոնյակի բոլոր խոշոր արտադրողները։ Սեպտեմբերի 25-ից «Վերին Լարս» մաքսակետով առանց զննման եւ որակի համապատասխանության փորձաքննության համար նմուշների ընտրության ոչ մի մեքենա չի անցնում դեպի Ռուսաստան եւ, ավելին, տարանցիկ բեռները՝ դեպի ԵԱՄ երկրներ: Այս իրավիճակը հարվածում է մեզ բոլորիս։ Կորցնում ենք շուկան, ընկնում տուգանքների տակ, և այս ամենը խաղողի մթերման և պատրաստի արտադրանքի արտահանման սեզոնի ամենաթեժ շրջանում», - ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ԱրմԻնֆո-ի հարցմանն ի պատասխան, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ առայժմ չեն մեկնաբանում իրավիճակը: Սակայն, փորձագետների կարծիքով, չի բացառվում, որ շուտով Հայաստանի տնտեսությունը, որի 60 տոկոսն, այսպես թե այնպես, կապված է ռուսական շուկայի հետ, փաստացի, կարգելափակվի: Չեն բացառվում նաեւ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների արգելափակման «պատժամիջոցները»։
Երկրի արժութային շուկան արդեն արձագանքում է իրավիճակին։ Այսօր Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո, ինչի դեմ բացահայտորեն հանդես էր եկել Ռուսաստանի Դաշնությունը, դա համարելով բացահայտ ոչ բարեկամական քայլ, դոլարի փոխարժեքը երկրում միանգամից 15-20 դրամով բարձրացել է։ Եթե շաբաթ օրը դոլարի փոխարժեքը մանրածախ արժութային շուկայում միջին հաշվով 405 դրամ էր, ապա երեքշաբթի օրվա երկրորդ կեսին արդեն այն բարձրացել է մինչեւ 432,5 դրամ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացել է 12%-ով, իսկ եվրոյինը՝ 7%-ով:
Աղբյուրը՝ finport.am