Դրամն արժեզրկվում է ոչ թե օրեցօր, այլ՝ ժամ առ ժամ

Դրամն արժեզրկվում է ոչ թե օրեցօր, այլ՝ ժամ առ ժամ

Հայաստանում ազգային արժույթի փոխարժեքը շարունակում է ազատ անկումը։ Ընդ որում, դրամն արժեզրկվում է արդեն ոչ թե օրեցօր, այլ՝ ժամ առ ժամ։ Միայն հոկտեմբերի 3-ի ընթացքում մանրածախ արժութային շուկայում դոլարի փոխարժեքը բարձրացել է 20 դրամով՝ կազմելով միջինը 435դր/$1։ Դրամի փոխարժեքը եվրոյի նկատմամբ նույնպես նվազել է 20 դրամով՝ կազմելով միջինը 452,5 դրամ/1եվրո:

ԱրմԻնֆո-ի տնտեսական ծառայության տվյալներով՝ շաբաթ օրվա փոխարժեքների համեմատ դրամը դոլարի նկատմամբ թուլացել է 8% - ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 6% - ով, իսկ մեկ ամսվա ընթացքում դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմել է 13%, և եվրոյի նկատմամբ՝ 8%:

Ուշագրավ է, որ հենց որ փոխարժեքները սկսեցին սրընթաց աճել, փոխանակման կետերի մեծ մասը հայտնվեց «խուճապային անգործության» վիճակում՝ ազգային արժույթի արժեզրկման տեմպերի անորոշության բարձր աստիճանի պատճառով։ Որպես հետեւանք՝ օրվա երկրորդ կեսին միայն 5 փոխանակման կետ էր դեռ սպասարկում հաճախորդներին, իսկ օրվա վերջում դրանց թիվը նվազել է մինչեւ 3, հիմնականում, մայրաքաղաքի ծայրամասերում:

Ընդ որում, Կենտրոնական բանկն առայժմ լուռ հետևում է տեղի ունեցողին, քանի որ արտարժույթի միջբանկային շուկայում, որտեղ ԿԲ-ն, որպես կանոն, գերիշխող դեր ունի, արդեն երկրորդ օրն է՝ գործարքներ չեն իրականացվում: Անկախ փորձագետները երկրի գլխավոր բանկի չմիջամտելը հիմնավորում են նրանով, որ շուկայում բարձր անկայունությունը կապված է ոչ թե սպեկուլյատիվ խաղերի, այլ մի շարք հիմնարար գործոնների հետ։

«Խուճապային սպասումների» հիմնական և գլխավոր պատճառը հայ-ռուսական, նաեւ՝ տնտեսական, հարաբերությունների շուրջ լիակատար անորոշությունն է։ Լինելով գլխավոր տնտեսական և արտաքին առևտրային գործընկեր՝ Ռուսաստանը սուր է արձագանքում Հայաստանի ղեկավարության ոչ բարեկամական հարձակումներին և երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխելու նրա փորձերին, ինչպես կարծում են Կրեմլում։ Պատժամիջոցների ճնշման առաջին ծիծեռնակը հայկական ալկոհոլային արտադրանքի արտահանումը ռուսական շուկա թույլ չտալն էր։ Հայաստանի տնտեսական գործակալներն այսօր սպասում են հերթական կոշտ միջոցների, որոնք, նրանց կարծիքով, անպայման կհետևեն ՀՀ խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը, որը, ըստ Մոսկվայի, հակառուսական ենթատեքստ ունի:

Որոշ փորձագետներ չեն բացառում, որ երկրների միջև քաղաքական հակամարտության խորացման դեպքում Հայաստանը կզրկվի նաև ֆինանսական կայունության այնպիսի կարևոր գործոնից, ինչպիսին ՌԴ-ից եկող դրամական փոխանցումների հզոր հոսքն է, որի ծավալն արդեն գերազանցել է $3.5 մլրդ-ը՝ ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին: Իսկ այն գործոնները, որոնք նախկինում նպաստել են ազգային արժույթի ամրապնդմանը, այն է ՝ բարձր երկնիշ տնտեսական աճը, որն ապահովվում է բազմաթիվ ռելոկանտների միջոցների հզոր ներհոսքով, թուլանում են եւ աստիճանաբար անհետանում։

ԱրմԻնֆո-ի փորձագետների կարծիքով, նման ուժեղ քաղաքական տուրբուլենտության և թուլացող տնտեսության սպասումների պայմաններում հնարավոր չէ կանխատեսել իրավիճակը, նույնիսկ, կարճաժամկետ հեռանկարում:

Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար - օգոստոսին դանդաղել է մինչև 10,4 տոկոս ՝ նախորդ տարվա 13,9 տոկոսից՝ ուղեկցվելով արտահանման և ներմուծման աճի նկատելի արգելակմամբ։ Ընդ որում, հարկ է նշել, որ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ ծավալի մեծ տարբերությամբ մյուս առեւտրային գործընկերների շրջանում գերիշխում է Ռուսաստանը, որի մասնաբաժինը արտահանման մեջ մեկ տարվա ընթացքում աճել է 33 տոկոսից մինչեւ 53 տոկոս, եւ, նույնիսկ, ներմուծման մեջ, չնայած նվազմանը, բաժին է ընկնում մոտ 25 տոկոս:

Աղբյուրը՝   finport.am