ԼՂ 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն

ԼՂ 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ Տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։ Այսպիսով, «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից`պահպանելով իրենց հեռախոսահամարները։

«Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կապ ունենալու կենսական անհրաժեշտությունը`մենք, «Ղարաբաղ Տելեկոմի» մեր գործընկերների հետ համագործակցելով, տեղահանության հենց սկզբից կարողացել ենք տրամադրել անվճար ինտերնետ և հեռախոսակապ: Այս ամբողջ ընթացքում նրանք միայն ցանցի փոփոխությամբ կարողացել են ստանալ լիարժեք կապ։ Այս որոշումը շատ կարևոր քայլ է անվտանգային տեսանկյունից. այսպես մեր հայրենակիցները կշարունակեն կառավարել իրենց բանկային հաշիվները, սոցիալական ցանցերի էջերը, մեսենջերները և մյուս`տվյալների բազա պարունակող հավելվածները՝ զերծ մնալով տարատեսակ թվային հարձակումներից», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ընկերությունը տեղեկացնում է, որ արցախցիների համար հատուկ մշակված սակագնային փաթեթներից օգտվելու կամ առաջացած տեխնիկական խնդիրների դեպքում (SIM քարտերի արդիականացում և այլն) պետք է մոտենալ Team-ի ցանկացած մասնաճյուղ։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։