Ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել, այս պահին մինչև 2026-ն աշխատելու լիցենզիա ունի. նախարար

Ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել, այս պահին մինչև 2026-ն աշխատելու լիցենզիա ունի. նախարար

Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այս պահին մինչև 2026 թվական աշխատելու լիցենզիա ունի,  կիրականացվեն մի շարք աշխատանքներ՝ այն երկարաձգելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին՝ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված Թուրքիայի՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջի վերաբերյալ:

 Նախարարը նախ նշեց, որ որքան էլ ատոմակայանը իսկապես շատ բարդ ենթակառուցվածք է, էներգետիկ կարևոր ենթակայան, բայց ատոմակայանի հետ կապված գործընթացները բավականին պարզ ու հստակ են: Կան չափորոշիչներ, կա կայան, կան կոմիտեներ, տարբեր խմբեր ու մասնագետներ, որոնք պետք է փաստեն՝ կայանը համապատասխանում է չափորոշիչներին, թե ոչ:

 «Պետք է վստահեցնեմ, որ դեռ 1993 թվականից սկսած մեր ատոմակայանում իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, աշխատանքներ՝ անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքն ապահովելու ուղղությամբ։ Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչև 2026 թվականն աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով ունի մինչև 2031 թվականն աշխատելու լիցենզիա»,-ասաց Սանոսյանը:

 Նախարարը վստահեցրեց, որ առաջիկա տարիներին կիրականացվեն մի շարք աշխատանքներ: Նախանշված են, թե ինչ հավելյալ աշխատանքներ են պետք, որպեսզի ատոմակայանի աշխատանքը երկարաձգվի 2026 թվականից մինչև 2036 թվական:

Ըստ նրա՝ իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարվել։ «Ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել։ Բազմաթիվ դետալներ, սարքավորումներ, համակարգեր փոխվել են: Ամենայն հարգանքով ատոմակայանի աշխատակիցների նկատմամբ՝ ես ասում եմ, որ մեր ատոմակայանում ամեն ինչ նոր է, բացի աշխատակիցներից»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ փորձառու մասնագետներ են աշխատում:

Սանոսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի ՀՀ-ում հյուրընկալել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան-ի գործընկերներին՝ ղեկավարի գլխավորությամբ, իրենք նաև Մեծամորի ատոմակայան շրջայց էին կատարել: Նախարարը նաև ընթերցեց ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի գրությունը ատոմակայան շրջայցից հետո, որով նա մասնավորապես նշել էր՝ ուրախ  է տեսնել անվտանգության և հուսալիության գծով բարելավումները, որոնք կատարվել են կայանում:

«Կարծում եմ ՄԱԳԱՏԷ-ն համապատասխան արձագանքը կներկայացնի», - ասաց Սանոսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։