Փորձագետ. Եվրոպան չի համաձայնի հանձնել Հայաստանի ինքնիշխան տարածքները

Փորձագետ. Եվրոպան չի համաձայնի հանձնել Հայաստանի ինքնիշխան տարածքները

Ես բացառում եմ, որ Եվրոպան ինչ-որ կերպ կհամաձայնի հանձնել Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Դա տեղի չի ունենա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։

«Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում կողմերը  համաձայնվեն օգտագործել տարանցիկ մեխանիզմը, որը գործում է Կալինինգրադի համար Եվրոպայի միջով։ Բայց սա հետագա բանակցությունների հարց է»,- հավելել է նա:

Փորձագետը կարծում է, որ Բաքուն պատերազմ չի սկսի Հայաստանի հետ։

«Մի քանի տարի առաջ համաշխարհային հանրությունը առաջնային էր համարում ոչ միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, այլև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ինչը ձեռնտու էր հայկական կողմին։ Բայց իրավիճակը  հօգուտ Ադրբեջանի փոխվեց ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո»,- ընդգծել է քաղաքագետը։

Նրա գնահատմամբ, իրավիճակը կովկասյան տարածաշրջանում չի հանդարտվել։

«Հենց  դրա համար են բանակցությունները՝  փոխզիջումներ գտնելու համար։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սակարկելու են, քանի որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել»,- եզրափակել է Ռարը: