Բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը շարունակվում են. «Փաստ»

Բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը շարունակվում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս անգամ ևս հավաքել ենք մի քանի ծրագրեր: Արցախցիների առաջին իսկ խմբերի՝ Հայաստան հասնելուն պես «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար էին բացազատել և ապահովում էին կեցության նվազագույն պայմաններով։ «Հայաքվեի» շրջիկ խմբերը հիմա էլ շարունակում են օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին: Շատերը մեկ տարվա շրջափակումից հետո Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և World Central Kitchen (WCK) միջազգային ՀԿ-ի համագործակցության շնորհիվ այդ օրերին առաջին անգամ ստացան թարմ, տաք և սննդարար ուտելիք։ Աջակցության իրենց ծրագրերն են ներկայացրել նաև կապի օպերատորները: Մասնավորաբար, Վիվա-ՄՏՍ-ը Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հնարավորություն է ընձեռում մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը բաժանորդագրվել նրանց համար նախատեսված հատուկ սակագնային պլանին 6 ամսով և յուրաքանչյուր ամիս ստանալ 10 ԳԲ ինտերնետ, 300 SMS ուղարկելու հնարավորություն և 800 րոպե խոսելաժամանակ:  

«Յուքոմ» ընկերությունն էլ առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 և Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Ծրագրերից դուրս չեն մնում նաև բանկերը: Օրինակ՝ Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին «Ակբա բանկը», հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառայություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար տեսակի քարտեր։ Աշխատատեղերով ապահովելու պատրաստակամություն հայտնած ընկերություններն էլ քիչ չեն: 

Այս մասին, ի մասնավորի, հայտարարել են նաև «Սոլարոն», «Ֆուդիտորի» ընկերությունները: Մտավորականներն էլ իրենց չափով են մասնակցում այս ամենին: Ի մասնավորի՝ հայտնի նկարիչ Արամ Դանիել յանը FTNFT Phygital Space-ի հետ համատեղ իրականացրած նախագծից գոյացած իր հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին: Ցանկը բավական երկար է ու շարունակական: Հավելենք, որ մեծ թիվ են կազմում նաև հաշվապահական, իրավաբանական, փաստաբանական գրասենյակներն ու ոլորտի անհատները, որոնք պատրաստակամություն են հայտնել անվճար խորհրդատվություն տրամարդել բռնագաղթյալ մեր հայրենակիցներին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:  

Աղբյուրը՝   shabat.am