Դիվերսիֆիկացնել շուկաները, թե ՞ ավելի որակով կոնյակ արտադրել

Դիվերսիֆիկացնել շուկաները, թե ՞ ավելի որակով կոնյակ արտադրել

Մի քանի օր Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար կանգնած էր Լարսի անցակետում։ Հայկական կոնյակը ՌԴ արտահանելիս   ռուսական կողմը   մաքսային հսկողություն է իրականացնում։ Երբեմն Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքն ուղարկում են փորձաքննության։ Փորձագիտական դաշտում ստեղծված իրավիճակի գնահատումները տարբեր են մի կողմում խստացման քաղաքական ենթատեքստն է, մյուսում՝ արտահանվող ապրանքի որակական հատկանիշները։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը www.ejc.am–ի թղթակցի հետ զրույցում նկատում է՝  հայաստանյան կոնյակագործությունն առաջին անգամ չէ, որ առերեսվում է խորքային ու տարիների պատմություն ունեցող, չլուծված  խնդիրների հետ։

«Կոնյակի պարագայում տարիներ շարունակ բավարար ուշադրություն չի դարձվել  կոնյակի որակական կողմին։ Գործել է սխեմա, դրսից՝ ՌԴ-ից, Վրաստանից, բերվում էր սպիրտ, որի հիմքով կոնյակ էր արտադրվում։ Մենք ավելի շատ ռուսական շուկայում ոչ թե հայկական կոնյակ էինք արտահանում, այլ՝ կոնյակի բրենդ»։

Սա, փորձագետի գնահատմամբ, արատավոր սխեմա է, որում շատերն են ներգրավված։ Այս սխեման  գործել է տարիներ շարունակ։ Տնտեսագետը արձանագրոմ է՝ իհարկե, ճշմարիտ է այն, որ անարդարության տարր կա։ Բացատրում է՝ այն գործում էր տարիներ շարունակ, ինչո՞ւ այժմ սկսեցին խստացումները։ Բայց նաև նկատում է «Ճիշտ կլիներ, որ մենք մեզ մոտ նմանօրինակ խնդիրներ թույլ չտանք, որ հետո իրավունք ունենանք ուրիշներից պահանջելու։ Առավել  ևս, երբ նման սխեմայով կոնյակի արտադրությունը հարվածում է Հայաստանում արտադրվող շատ արտադրողների, գործարարների, գյուղացիների շահերին։ Խնդիրը համակարգային լուծում չի ստացել, ուստի մենք նման հարցերի ենք բախվում», - ասում է։

Պաշտոնական կողմը  քաղաքական ենթատեքստ չի տեսնում
Վերին Լարսի անցակետով ալկոհոլային խմիչքով բեռնված հայկական բեռնատարներն անցնում են, բայց ոչ բոլորը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փաստում է՝  «Նախորդ օրվա ընթացքում ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է։ Չէի ասի, որ չգիտենք պատճառը։ Բնականաբար, մեր կառավարության և էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության կարևորագույն մաս է կազմում նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքները լինեն բարձր որակի, և մենք որոշ ժամանակ առաջ արդեն սկսել էինք գործընթաց, որպեսզի Հայաստանից արտահանվող խմիչքը լինի բարձր որակի», - ասում է։ Նա կարծում է, որ  խստացումներում քաղաքական ենթատեքստ չկա «Չէի ասի, որ  որևէ քաղաքական ենթատեքստ կա։ Որոշ մեքենաներից նմուշառումներ են արվել, սպասում ենք լաբորատոր փորձաքննության արդյունքներին։ Այլ մեքենաներն անցնում են։ Ես խնդիրը չէի ուռճացնի»։

Դիվերսիֆիկացնել շուկաները
Հայաստանը կոնյակի մեծ մասը՝ 80 տոկոսը, ՌԴ է արտահանում, - արձանագրում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Նշում է՝ դիվերսիֆիկացիան շատ ցավոտ գործընթաց է, մեծ ջանքեր է պահանջում։ Իհարկե, որոշ քայլեր արվում են, բայց շուկաները դիվերսիֆիկացնելու համար նախ և առաջ  մրցունակ արտադրանք պետք է լինի։

Կոնյակագործության ոլորտն, ըստ փորձագետի՝ հայտնվել է երկու իրականությունում մի դեպքում  տեղում մթերվող խաղողից արտադրվող կոնյակն է՝ բարձրորակ, մյուսում՝  դրսից բերված սպիրտով շշալցումը, գունավորումն ու արտահանումը։ Նախ պետք է այդ սխեման բացառել, որ կարողանաս բրենդ ձևավորել, որը կասկածներ չի հարուցի։

«Մեր հիմնական շուկան ԱՊՀ տարածքն է, հատկապես ՌԴ՝ 80 տոկոս, իսկ ԵՄ–ն,  ԱՄՆ ընդգրկված են արտահանման մեր ցանկում այնքանով, որքանով կա հայկական համայնք, որը ծանոթ է հայկական կոնյակին։ Աշխատանք կա անելու  աֆրիկյան շուկաների, ասիական, լատինամերիկյան երկրների հետ», - արձանագրում է տնտեսագետը։