Տնտեսությունը չունի ռեսուրսներ. փորձագետը` բլոկադայի դեպքում Հայաստանի տնտեսության ավտոնոմ աշխատանքի հնարավորությունների մասին․ «ԱՌԿԱ»

Տնտեսությունը չունի ռեսուրսներ. փորձագետը` բլոկադայի դեպքում Հայաստանի տնտեսության ավտոնոմ աշխատանքի հնարավորությունների մասին․ «ԱՌԿԱ»

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ–ն պետք է պատրաստվի հնարավոր շրջափակման, այդ թվում`Ռուսաստանի կողմից։

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը կփակի իր սահմանները կամ շրջափակում կներդնի Հայաստանի նկատմամբ։ Խոսքն առևտրի պայմանները բարդացնելու մասին է։ Կոնկրետ ինչպես դա կարտահայտվի, կան շատ տարբերակներ, որոնց մեջ չէի ցանկանա խորանալ` այս թեմայի շուրջ հետագա շահարկումների առիթ չստեղծելու համար»,– ասաց նա։

Տնտեսագետը նշեց, որ կան տնտեսական ռիսկեր, բայց նրանք դեռ կրում են հայ ձեռներեցների համար գործարար միջավայրի փոփոխությունների, ոչ թե մակրոտնտեսական բնույթ։

Այն հարցին, թե որքանով է հայկական տնտեսությունն ամուր և պատրաստ վատագույն սցենարին` տնտեսագետը նշեց, որ այն չունի նման ռեսուրս։

«Դա պարզապես կրակոց է սեփական ոտքին։ Հայաստանն իր սպառած ապրանքների մեծ մասը ներկրում է, հետևաբար` այն պարզապես ի վիճակի չէ գոյատևել ինքնապահովման հաշվին` սկսած էներգետիկայից մինչև սննդամթերք», – ասաց Միքայելյանը։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա, նրա խոսքով, բարեկամությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը բարեկամ երկիր է։

«Եթե Հայաստանը չվարի բարեկամական քաղաքակություն Իրանի նկատմամբ, իսկ միտումներն այդպիսին են, ապա Իրանը ևս կարող է վերանայել իր վերաբերմունքը։ Դա պետք է հաշվի առնել», – ասաց տնտեսագետը։

Աղբյուրը՝   arka.am