Ֆինանսների նախարարն ընդունել է ԶՖԳ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին եւ Ֆրանսիայի դեսպանին

Ֆինանսների նախարարն ընդունել է ԶՖԳ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին եւ Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հյուրընկալել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաննի Դելպեյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինին:

Ըստ  ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության, շնորհավորելով Ֆաննի Դելպեյին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ Զարգացման ֆրանսիական գործակալության հետ առկա արդյունավետ համագործակցությունն առավել կընդլայնվի՝ համատեղ սահմանված թիրախներին հասնելու նպատակադրմամբ, նաեւ նկատի ունենալով, որ ներկայումս հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգացման որակական նոր փուլ են թեւակոխել:

Ֆաննի Դելպեյը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վերահաստատել Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը: Կարեւորվել է էներգետիկայի,  ոռոգման եւ ջրային ենթակառուցվածքների, ճանապարհաշինության ոլորտներում ծրագրերի ֆինանսավորման ուղղություններով համագործակցությունը: Որպես համագործակցության առանցքային ուղղություն՝ շեշտադրվել է նաեւ բյուջետային աջակցությունը: Կարեւորելով ընթացիկ ծրագրերի արդյունավետ ու անխոչընդոտ իրականացումը՝ կողմերն անդրադարձել են նաեւ համագործակցության հնարավոր նոր ուղղություններին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել տարբեր աջակցության գործիքների միջոցով օժանդակել Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծմանը:

Նախարար Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնել ֆրանսիական կողմին շարունակական աջակցության, մասնավորապես՝ ներկայումս ստեղծված անվտանգային եւ հումանիտար իրավիճակին պատշաճ արձագանքելու եւ այդ ուղղությամբ գործադրված բոլոր ջանքերի համար: