Ռուսաստանը Հայաստան կուղարկի 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզելային վառելիք

Ռուսաստանը Հայաստան կուղարկի 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզելային վառելիք

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է հետևողական ջանքերը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համապարփակ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը։

«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի ՝ Ռուսաստանը սկսել է հանրապետությանը անհրաժեշտ նավթամթերքի մատակարարումը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզելային վառելիքի մասին է։ Ինչպես հայտնի է դարձել գործընկերների հարցումից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը բարդ է։ Երկիրը գրեթե հատել է ընթացիկ տարվա համար հաստատված հաշվեկշիռը։ Առջևում աշուն-ձմեռ ժամանակահատվածն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի: Չնայած ՌԴ կառավարության սեպտեմբերի 21-ին առևտրային բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր արգելքի սահմանմանը, ռուսական կողմը 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համապատասխան միջկառավարական համաձայնագրի շրջանակում ընդառաջել է իր դաշնակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բացի հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գծով աջակցությունից, հաշվի առնելով Հայաստանի ԱԳՆ հոկտեմբերի 2-ի ճեպազրույցը, Ռուսաստանի ԱԻՆ-ը մշակել է գործընկերների դիմումը ԼՂ հայերին կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

«Պետական պահուստների դաշնային գործակալության հետ համատեղ արդեն ձևավորվել է այն ապրանքների առաջնային ցանկը, որոնք հնարավոր կլինի Հանրապետություն ուղարկել առաջիկա օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ հաջորդ շաբաթ ռուս դիվանագետները ՝ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ, կայցելեն Սյունիքի մարզ ՝ մարզային իշխանությունների հետ միասին պարզելու անհետաձգելի կարիքները: Այս աշխատանքները կշարունակվեն նաև այլ շրջաններում, որտեղ գտնվում են տեղահանվածները։